Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կոչ են անում փոփոխել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները


Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները՝ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը», հինգշաբթի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել բացառել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրություններում առկա որոշ դրույթներ եւ ձեւակերպումներ։

Տարածված հաղորդագրությունում, կուսակցությունները, մասնավորապես, նշում են. - «Կողմ լինելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը՝ նախեւառաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը, մենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններս, հայտարարում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից անհրաժեշտ է բացառել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են՝
Գոյություն ունեցող, այսպես կոչված, «ընդհանուր սահմանի» փոխադարձ ճանաչմանը, քանի որ նման ճանաչմամբ Հայաստանին պարտադրվում է ճանաչել նախկինում կնքված հակաօրինական եւ հակահայկական պայմանագրերը։
Պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրության նպատակով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը, քանի որ սրանով կվիճարկվեն Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրված եւ իրականացված
Հայոց ցեղասպանությունն ու հայրենազրկումը եւ բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից կատարվածը որպես մարդկության դեմ գործված հանցագործություն դատապարտելու փաստը»։

«Միաժամանակ հաստատում ենք», - ասված է համատեղ հայտարարությունում, - «որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ հռչակված սահմանների եւ տարածքային ամբողջականության ամրագրմանը»։

Վերջում կուսակցությունները կոչ ենք անում համայն հայությանը՝ «համախմբվել այս կարեւորագույն քաղաքական ու պատմական նշանակություն ունեցող խնդրի շուրջ եւ այդպիսով նպաստել հայոց պետականության հիմնարար սկզբունքների ու համազգային նպատակների իրագործմանը՝ ապահովելով հայրենիքի հզորացումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG