Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները


Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրությունները։

Այդ մասին կիրակի «Ֆրանսպրես» գործակալությանը ասել են Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները։ Թուրք պաշտոնյայի խոսքով, նախապես համաձայնեցված երկու արձանագրությունների տակ իրենց ստորագրություններն են դնելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Արարողությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ երկու երկրների միջեւ բանակցություններում միջնորդ հանդիսացող երկրի՝ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը։

Արձանագրությունների ստորագրումից հետո երկու երկրների կառավարությունները փաստաթուղթը կներկայացնեն խորհրդարանների վավերացմանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը կիրակի օրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը` ընդգծելով, որ արտգործնախարարությունը հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացների մասին հանրությանը կտեղեկացնի պատշաճ ժամկետներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG