Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունները «կարող են ստորագրվել հոկտեմբերի 10-ին կամ 11-ին»


Հայաստան -- Նախագահներ Գյուլը (ձախից) եւ Սարգսյանը Երեւանում, 6-ը սեպտեմբերի, 2008թ.
Հայաստան -- Նախագահներ Գյուլը (ձախից) եւ Սարգսյանը Երեւանում, 6-ը սեպտեմբերի, 2008թ.

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրությունները, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

«Արտգործնախարարները հանդիպում կունենան հոկտեմբերի 10-ին եւ կստորագրեն նախապատրաստված փաստաթուղթը», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է էրդողանը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։ Ավելի ուշ, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում Էրդողանը չի բացառել, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ նաեւ հոկտեմբերի 11-ին։

Թուրքիայի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ նախապես համաձայնեցված երկու արձանագրությունների տակ իրենց ստորագրություններն են դնելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Արարողությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ երկու երկրների միջեւ բանակցություններում միջնորդ հանդիսացող երկրի՝ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը։

Արձանագրությունների ստորագրումից հետո երկու երկրների կառավարությունները փաստաթուղթը կներկայացնեն խորհրդարանների վավերացմանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը կիրակի օրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը` ընդգծելով, որ արտգործնախարարությունը հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացների մասին հանրությանը կտեղեկացնի պատշաճ ժամկետներում:

Երկուշաբթի Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, արձագանքելով Թուրքիայի վարչապետի հայտարարություններին, մասնավորապես, ասել է. - «Երբ որ գործընթացի հաջորդ փուլերի վերաբերյալ հստակություն լինի, ապա մենք դրա մասին կտեղեկացնենք»։

Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես էին եկել համատեղ հաղորդագրությամբ, որում ասված էր, որ եռակողմ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են երկու արձանագրություններ՝ «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ:

Եռակողմ հաղորդագրությունում նշվում էր, որ նախատեսվում է Հայաստանում եւ Թուրքիայում անցկացնել «ներքին քաղաքական խորհրդակցություններ», որոնք պետք է ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում։ Այնուհետեւ նախատեսվում է, որ երկու արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար:

Ավելի վաղ՝ 2009 թվականի ապրիլի 22-ին, Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացող կարգավորման բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ, ինչի արդյունքն էին, մասնավորապես, վերոհիշյալ երկու արձանագրությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG