Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը սպասում է Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը


Հայաստան -- Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, Երեւան, 18-ը սեպտեմբերի, 2009 թ.
Հայաստան -- Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, Երեւան, 18-ը սեպտեմբերի, 2009 թ.

Ավելի քան մեկ ժամ տեւած ելույթում, քննադատելով հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ասպարեզներում Հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը եւ արձանագրելով, որ կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը միաժամանակ փաստեց. «Կոնգրեսն իր ջանքերի առավելագույն մոբիլիզացման պարագայում անգամ չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը»։

Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի ...
«Այս դառը ճշմարտությունը ոմանց կասկածելի է թվում, եւ Կոնգրեսին երբեմն մեղադրում են, թե խուսափելով վճռական գործողություններից, նա սպասում է Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի ձախողմանը, որպեսզի դրանից հետո, ժողովրդական ընդվզման անխուսափելի ալիքի վրա, տիրի Հայաստանի իշխանությանը», - իր ելույթում ասաց Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Այդ կասկածներին մեկընդմիշտ վերջ դնելու նպատակով հայտարարում եմ.
  1. Հայ ազգային կոնգրեսին Ղարաբաղի կորստյան գնով ձեռք բերված իշխանություն պետք չէ։
  2. Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի։
  3. Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում ես ինձ համարել եմ ընդամենը գործիք, եւ պատրաստ եմ մինչեւ վերջ կատարել այդ դերը»։

«Հայաստանը Թուրքիայի հարցում դատապարտված է կրավորական դերակատարության»


Ավելի քան 1 ժամ տեւած ելույթում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առավել հանգամանորեն կանգ առավ հայ-թուրքական եւ ղարբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների վրա։

Իր ելույթում Տեր-Պետրոսյանը, վերահաստատեց հայ-թուրքական կարգավորման հարցում ՀԱԿ-ի ավելի վաղ արտահայտված պաշտոնական դիրքորոշումը։ Սեպտեմբերի 1-ին տարածված հայտարարությամբ, ՀԱԿ-ը, մասնավորապես, փաստել էր, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են», թեեւ անընդունելի էր համարել պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման եւ արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացման պայմանների առնչությամբ։

Սեպտեմբերի 15-ի հանրահավաքում, սակայն, ընդդիմության առաջնորդը, հայտարարեց. - «Նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց, Թուրքիան այդ արձանագրությունները չի վավերացնելու եւ Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը»։

«Սերժ Սարգսյանից կորզելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնությունը, Թուրքիան կարողացավ հմտորեն կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը եւ սահմանի բացումը հետաձգել մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը կամ, առնվազն, լուծման գործընթացում նշանակալի առաջընթացի արձանագրումը», - վերջին զարգացումների վերաբերյալ իր գնահատականը հնչեցրեց Տեր-Պետրոսյանը՝ եզրակացնելով. - «Հայաստանն, ըստ այդմ, մինչեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիայի հարցում անելիք չունի եւ դատապարտված է կրավորական դերակատարության»։

«Կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի»


ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կողմից հուլիսի 10-ին Մադրիդյան հիմնարար սկզբունքների մասնակի հրապարակումից հետո առաջին անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ այդ սկզբունքների հանգամանալից վերլուծությումբ՝ հայտարարելով, թե «սկզբնապես որպես կարգավորման փաթեթային տարբերակ մտահղացված Մադրիդյան առաջարկը վերածվել է զուտ փուլային տարբերակի»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը կասկածի տակ դրեց Հայաստանի պաշտոնական արձագանքը այն մասին, որ կարգավորման առարկա ծրագիրը լիովին բավարարում է հայկական կողմի երեք հիմնական պահանջները՝ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատում, եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում։

Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման առումով, Հայաստանի առաջին նախագահը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում «դեռեւս 1990-ական թվականների կեսերից շրջանառության մեջ գտնվող «խաղաղապահ ուժերի տեղակայում» հասկացությունը հանկարծ վերածվել «խաղաղապահ գործողություն» անորոշ արտահայտության»։

Տեր-Պետրոսյանի կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որոշել է շրջանցել այդ հարցը եւ ներկա պահին գտնել մի ձեւակերպում, որը կքողարկի խնդրի էությունը. - «Չեմ բացառում, որ «խաղաղապահ գործողություն» կոչեցյալը վերջիվերջո ավարտվի ոչ թե խաղաղապահ ուժերի, այլ մեկ-երկու հազար միջազգային դիտորդների տեղակայմամբ, ինչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է Ղարաբաղի անվտանգության երաշխիք համարել»։

Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարության մեջ ամրագրված՝ «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի» ստեղծման գաղափարի առնչությամբ Տեր-Պետրոսյանը նշեց, թր «հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը»՝ հայտարարելով. - «Այսօր այդ հարցում կատարյալ անորոշություն է տիրում, ինչը մտավախություն է առաջացնում, որ տարածքները վերադարձնելուց հետո միջանցքի գաղափարն ինչ-որ պահի պարզապես կարող է հանգեցվել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ազատ տրանզիտի ապահովման գաղափարին։ Եւս մի մտավախության տեղիք է տալիս այն, որ Ադրբեջանը, օգտագործելով Լաչինի եւ Մեղրու շրջանների փոխանակման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ առաջարկի նախադեպը, մի օր կվերարծարծի դեպի Նախիջեւան համարժեք միջանցքի տրամադրման կամ ազատ տրանզիտային ճանապարհի ապահովման պահանջը»։

«Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում» դրույթի առնչությամբ Տեր-Պետրոսյանը հարց բարձրացրեց. - «Եթե խոսքն իսկապես վերաբերում է հանրաքվեին, ապա ինչու այդ բառի փոխարեն հայտարարության բնագրում տեղ է գտել «կամարտահայտություն» բառը»։

Տեր-Պետրոսյանի կարծիքով, «կամարտահայտություն» ձեւակերպումը խիստ անորոշ է, եւ այն կարող է մեկնաբանվել ե՚ւ որպես հանրաքվե, ե՛ւ, ցանկության դեպքում «կամարտահայտություն» կարող է համարվել նաեւ Ղարաբաղի նախագահի ստորագրությունը կամ Ազգային Ժողովի որոշումը։

«Այսպիսով, Հայաստանի պաշտոնական քարոզչության երեք հիմնական պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը. կարգավորման ներկա ծրագիրը ո՛չ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է պարունակում, ո՛չ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ ապահովում, ո՛չ էլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորություն նախատեսում», - եզրակացրեց Տեր-Պետրոսյանը։

Ընդդիմության առաջնորդի կարծիքով, այն հանգամանքը, որ Մադրիդյան հիմնարար սկզբունքների մասնակի հրապարակումը արվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների մակարդակով, պետք է ենթադրել, որ սրանք այն սկզբունքներն են, որոնք այլեւս բանակցելի ու փոփոխության ենթակա չեն. - «Ալիեւն ու Սարգսյանը հո չեն նստի-վիճի Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հետ, ինչպես կարող էին վարվել Բրայզայի, Մերզլյակովի եւ Ֆասիեի պարագայում։ Վիճելն անիմաստ է, որովհետեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված երեք գերտերությունների նախագահներն արդեն կայացրել ու ազդարարել են իրենց վերջնական վճիռը»։

ՀԱԿ-ի առաջնորդի կարծիքով ղարաբաղյան կարգավորման գործընթացը արդեն մտել է մի հանգրվան, որից «Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի»։

Ուստի Տեր Պետրոսյանի համոզմամբ, 19 ընդդիմադիրներին բանտերում պահելը նաեւ ունի քաղաքական դրդապատճառներ. «Տասնինը հոգին պատանդ են պահվում Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման առթիվ սպասվող ժողովրդական հուզումները զսպելու կամ նվազեցնելու նկատառումով»:

«Պատրանքներ չպետք է փայփայել. ներկա իշխանությունների օրոք, մարտի 1-ի ոճրագործությունը չի բացահայտվելու, եւ իրական հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվելու. ինչպես հոկտեմբերի 27-ի պարագայում եղավ», - հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը՝ արձանագրելով. - «Իրավապահ համակարգը, քննչական մարմիններն ու այժմ արդեն մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովը «ցինիկաբար» զբաղված են եղել կոծկելու, իրեղեն ապացույցները կեղծելու կամ չնչացնելու գործով»։

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագայում, գոնե բուն կատարողներին դատելով, իշխանությունները կարողացան, թեկուզ ժամանակավորապես, իրենց զերծ պահել պատասխանատվությունից։ Մարտի 1-ի դեպքում դա շատ ավելի դժվար, գրեթե անհնար է լինելու։ Ուստի կարծում եմ, սպանությունների գծով իշխանությունները վերջիվերջո դատելու են մեկ-երկու ցածրաստիճան ոստիկանի, եւ դրանով խնդիրը փակված համարելու։ Արդյոք դա կբավարարի միջազգային հանրությանը, թե՞ ոչ՝ չգիտեմ։ Բայց որ Հայաստանի հասարակությունը այդ դեղահաբը կուլ չի տա՝ չեմ կասկածում»,- հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը՝ հավելելով. - «Հայ ազգային կոնգրեսը վճռականորեն է տրամադրված ինչպես ոճրագործության ամբողջական բացահայտման, այնպես էլ նրա բոլոր դերակատարներին՝ սադրիչներին, կազմակերպիչներին ու մարդասպաններին համարժեք իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ ընդհուպ մինչեւ Հաագայի դատարան»։

«Կախված այդ ուժերի արձագանքից...»


Լեւոն Տեր Պետրոսյանը չհայտարարեց ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքի օրը՝ սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ ասպարեզը «ժամանակավորապես» տրամադրելով նրանց։

«Կախված այդ ուժերի արձագանքից, մենք ձեզ հետ միասին կորոշենք մեր հետագա անելիքը», - նշեց Տեր-Պետրոսյանը։

Ընդդիմության առաջնորդը ներկայացրեց հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարելու իր որոշման մեկ այլ պատճառ։

Հանկարծ մեզ թույլատրել են անցկացնել միանգամից վեց, այն էլ` անընդմեջ հանրահավաք։ Ի՞նչ կարող է սա նշանակել ...
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում շուրջ հարյուր անգամ մերժելով հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած դիմումները, իշխանությունները հանկարծ մեզ թույլատրել են անցկացնել միանգամից վեց, այն էլ անընդմեջ հանրահավաք։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ Ըստ երեւույթին երկու բան. կա՛մ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաջիկա նիստից առաջ, իշխանություններն ուզում են ցույց տալ, թե Հայաստանում վերացված են հանրահավաքների, երթերի ու ցույցերի անցկացման սահմանափակումները, կա՛մ էլ, որ ավելի հավանական է, Սերժ Սարգսյանը ծրագրել է Կոնգրեսին ներքաշել ինչ-որ ստոր խաղի մեջ, որին մենք, բնականաբար, տուրք տալու իրավունք չունենք»,- հայտարարեց Լեւոն Տեր Պետրոսյանը։

Հանրահավաքը եզրափակվեց երթով։ Ցուցարարները Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մտան Հանրապետության հրապարակ, որտեղ արդեն 3 օր շարունակվում է Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարած հացադուլը։

Մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները վանկարկում էին «Լեւոն, նախագահ», - «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», Արտգործնախարարության դիմաց նստած դաշնակցականները ազգային ազատագրական երգեր էին երգում։

Երթի մասնակիցները Նալբանդյան, Թումանյան փողոցներով հասան Հյուսիսային պողոտա։

Ընդդիմության աջակիցները` հանրահավաքին
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG