Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ալլա Պուգաչովային է հանձնել Հայաստանի բարձրագույն պետական պարգեւը


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կայացած հանդիպման ժամանակ աշխարհահռչակ երգչուհի Ալլա Պուգաչովային է հանձնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը:

Ռուսաստանցի երգչուհուն Հայաստանի բարձրագույն պետական պարգեւը շնորհելու մասին հրամանագիրը նախագահը ստորագրել էր սեպտեմբերի 24-ին:

«Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք: Այստեղ Ձեզ սպասում էին հարյուր հազարավոր երկրպագուներ: Նրանց մի մասը երեկ հնարավորություն ունեցավ ներկա գտնվել Ձեր համերգին եւ մեծ բավականություն ստանալ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա բարձր է գնահատել Պուգաչովայի ավանդը մի ամբողջ սերնդի` այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, գեղագիտական, երաժշտական դաստիարակության գործում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի բարձրագույն պետական պարգեւը` տաղանդաշատ երգչուհին ընդգծել է. - «Շատ հուզված եմ ու երախտապարտ: Իմ հրաժեշտի շրջագայության ընթացքում ես չէի կարող չայցելել այս հրաշալի երկիրը, որն ինձ ոգեշնչման այնքան պահեր է պարգեւել եւ որտեղ ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այնքան մեծ թվով զարմանահրաշ ու տաղանդավոր մարդկանց հետ»:

Նշելով, որ ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել է մեկ ճշմարտությամբ` ծառայել իր ժողովրդին ու երկրին, Պուգաչովան ասել է. - «Այդ դեպքում գործդ իմաստավորվում է, եւ հասկանում ես, որ կյանքդ իզուր չես ապրում»:

Երգչուհին նախագահին պատմել է իր հետագա ծրագրերի մասին: Նա նաեւ ասել է, որ երկար տարիներ չէր եղել Երեւանում եւ նկատել է, որ քաղաքն ավելի ու ավելի է գեղեցկացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG