Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 25-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «ԳԱԱ համակարգի մեջ մտնող բոլոր ինստիտուտների տնօրենները, հավաքվելով ընդհանուր ժողովի, ըստ երեւույթին, ձայների մեծամասնությամբ որոշել են «հավանություն տալ» [հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններին]: Կարծես թե, հիշյալ արձանագրությունները ԽՄԿԿ ԿԿ պլենումի որոշումներ են, իսկ գիտնականների հավաքը շրջանային «պարտխոզակտիվի» ժողով է, որը կոչված է ամբողջությամբ եւ լիովին սատարել «լենինյան պոլիտբյուրոյի իմաստուն ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Ակադեմիայի ընդհանուր ժողովը ոչ փորձագիտական խումբ է, ոչ վերլուծական կենտրոն է, ոչ էլ կուսակցական համագումար, որպեսզի իր եզրակացությունը կամ գնահատականը տա այս կամ այն դիվանագիտական փաստաթղթի վերաբերյալ: Այդ մարմինն ունի իր սպեցիֆիկ ֆունկցիաները, որոնցից ամենակարեւորը ակադեմիայի ներսում ընտրությունների կազմակերպումն է: Քննարկել քաղաքական հարցերը եւ ողջունել կամ դատապարտել իշխանության այս կամ այն քայլը նրանց իրավասությունների մեջ չի մտնում: Ակադեմիայի համակարգում աշխատում են տարբեր քաղաքական հայացքների կամ գուցե ընդհանրապես հայացքներ չունեցող մարդիկ, եւ նրանց անունից ինչ-որ որոշումներ հրակարակելը, կարծում եմ, սխալ է»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաընկերությանը: Պետրոսյանը, մասնավորապես, ասում է. - «Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաները շատ ուղղակի ձեւով այս երկու՝ Ղարաբաղի խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը փորձում են իրար կապել։ Այն չի նպաստի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետեւ ակնհայտ է, որ Թուրքիան սեփական խոստումների պատանդն է, որոնք ժամանակին տվել է Ադրբեջանին եւ այսօր էլ կատարում է, եւ սա շատ ուղղակի հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում։ Ուզենաս, թե չուզենաս՝ Թուրքիան դառնում է շահագրգիռ կողմ։ Սա նույնպես ընկալվում է որպես ճնշման ձեւ, բայց ճնշման ձեւերը հազիվ թե դրական արդյունքներ ապահովեն»։

«Հրապարակ»-ը օգտվել է, իր իսկ գնահատմամբ՝ «ամենավստահելի աղբյուրից»՝ բրիտանական «Ռոյթերս» գործակալության տարածած տեղեկատվությունից, որի համաձայն «Փրինսթոնի համալսարանում արտաքին քաղաքականության վերաբերյալ ունեցած իր ելույթի ընթացքում Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հայտարարել է. «Անկարան հույս ունի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության պայմանների ներքո մինչեւ ընթացիկ տարեվերջ բացել Հայաստանի հետ իր սահմանը»: Արձագանքելով Հայաստանի նախագահի՝ ավելի վաղ հայտնած դիրքորոշմանը, թե ինքը որ դեպքում կգնա կամ չի գնա Թուրքիա՝ ֆուտբոլային խաղը դիտելու, Էրդողանը Փրինսթոնի լսարանին հավատացրել է, որ, իր կարծիքով, «կասկած չի կարող լինել այն հարցում, որ Սարգսյանը այդ ուղեւորությունը կկատարի»:

«Առավոտ»-ը հայ-թուրքական հարաբերությունների թեմայով զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի հետ: Նրա կարծիքով, «պետք է վերջապես ձերբազատվել կարծրացած բարդույթներից եւ խորհել՝ արդյո՞ք մինչեւ Երկիր մոլորակի վերջը մենք պիտի մնանք թշնամիներ: Բանական որեւէ մեկը իրավունք չունի նման միտք կրելու, ավելին՝ այն բարձրաձայնելու: Իսկ ինչ վերաբերում է վախվորած, միակողմանի, ապագայում «գործը» կորցնելու սարսափով պայմանավորված, այսպես կոչված՝ «մեկնաբանություններին», ապա դրանք, մեղմ ասած, մարդուն հանում են հավասարակշռությունից: Հատկապես այն պահը, ըստ որի արձանագրությունները ներկայացվում են որպես այլ գալակտիկայից ուղարկված եւ փոփոխությունների ոչ ենթակա փաստաթղթեր, իսկապես զայրացնում է»:

«Իրավունք»-ի զրուցակիցը Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է: Լրագրողը հարցնում է. - «Հայ ազգային կոնգրեսը անորոշ ժամանակով հետաձգեց իր հանրահավաքները: Ըստ ձեզ, ի՞նչ է սա նշանակում, եւ ինչո՞վ էր պայմանավորված Լեւոն Տեր-Պետրոսյանի այն միտքը, թե ինքը նախագահի թեկնածություն կառաջադրի այն դեպքում, եթե առաջադրվի նաեւ Ռոբերտ Քոչարյանը»: Սահակյանը պատասխանել է. - « Առաջին հերթին, ՀԱԿ-ի անընդհատ կրկնվող մոտեցումները ո'չ հասարակական պահանջի, ո'չ էլ սպառման կարիք ունեն: Ասելիքի պակասի հետեւանքով նրանք փորձում են «ադալժենի» անել իշխանություններին, թեպետ մենք որեւէ մեկին նման բան չենք խնդրել: Ի դեպ, օրերս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից մեկը խոսեց այն մասին, որ այս ընթացքում բավականին լարվածություններ կլինեն եւ իշխանափոխության միտումներ են ձեւավորվում: Այսինքն՝ այսօր Կոնգրեսը մարագ մտած մի կառույց է, որը սպասում է, թե ինչ կլինի քաղաքական կյանքում, որպեսզի ինչ-ինչ բաներ շահի այդ ընթացքում»: Լրագրողի հաջորդ հարցին՝ «Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, թե ինչու է վերջին ժամանակներս սկսել կտրուկ ակտիվանալ Ռոբերտ Քոչարյանի թիմակից Վարդան Օսկանյանը: Վերջինս անգամ հանդես է եկել ժողովրդավարական ընդվզումը գլխավորելու պատրաստակամությամբ», Գալուստ Սահակյանն արձագանքել է. - «Չէի ասի, դա ոչ թե գաղափարախոսություն է, այլ զուտ քաղաքական մոտեցում: Ու քանի որ նախաստորագրված արձանագրությունների հետ կապված պարոն Օսկանյանը մեղադրանքներ էր ներկայացնում նախարարությանը, պիտի ասեմ, որ այն տարիներին, երբ ինքը արտաքին գործերի նախարար էր, այդ նախարարության փորձագիտական կազմը նույնն էր, եւ հիմա էլ ոչինչ փոխված չէ: Եվ իրականացնում է այն գաղափարախոսությունը, որը ժամանակին ձեւավորվել էր: Պարզապես քաղաքական ճանապարհ է, եւ ամեն մեկն այն յուրովի է ընտրում»:

«Ժամանակ» օրաթերթի մեկնաբանի կարծիքով, Ռուսաստանի «չի կարող բաց տեքստով հայտարարել, որ դեմ է սահմանի բացմանը եւ ստիպված է դա ձախողելու համար ավելի գաղտնի ու բազմակոմբինացիոն ծրագրեր մշակել: Հենց այդ ծրագրերից մեկն էլ կարող է լինել Հայաստանում Քոչարյանի գործոնը ու «ազգայնական» ուժերին օգտագործելով «թավշյա» հեղափոխության հրահրումը... Այդ պատճառով է, որ քոչարյանամետ ուժերն ու գործիչները աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Եվ դրանց շարքում առաջին ջութակի դերը կատարում են, իհարկե, Դաշնակցությունը եւ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Թե' ՀՅԴ-ն, թե' հատկապես Օսկանյանը իրենց գործունեության ընթացքում ոչ միայն երբեք աչքի չեն ընկել սկզբունքայնությամբ, այլեւ կոնֆորմիզմի եւ պատեհապաշտության դասական նմուշներ են: Ուրեմն ի՞նչն է նրան ստիպել հանկարծ «հասկանալ», որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները վտանգավոր են երկրի համար, եւ իշխանությունները պետք է հրաժարվեն դրանցից: Այս հարցի պատասխանը տալու համար պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկացել է, որ իր վերադարձի համար ավելի լավ առիթ, քան հայ-թուրքական զարգացումներն են, չի կարող լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG