Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողը հեղինակավոր մրցանակի է արժանացել


Ադրբեջանցի լրագրող Մալահաթ Նասիբովան արժանացել է նորվեգական հեղինակավոր «Ռաֆթո» մրցանակին` իշխանության չարաշահման, մարդու իրավունքների ոտնահարումների եւ կոռուպցիայի վերաբերյալ իր ռեպորտաժների համար:

40-ամյա Նասիբովային, ով թղթակցում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին եւ «Թուրան» լրատվական գործակալությանը, մրցանակը շնորհվել է «հանուն Նախիջեւանում ազատ եւ անկախ մամուլի կայացման խիզախ եւ վճռական պայքարի» համար:

DPA գործակալության փոխանցմամբ, ժյուրին ընդգծել է, որ պարգեւատրելով Նասիբովային` ցանկացել է նաեւ ցույց տալ իր մտահոգությունը Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում սեփական քաղաքացիների եւ միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների խախտման առնչությամբ:

«Ռաֆթո» մրցանակը, որի դրամական պարգեւը 10 հազար դոլար է, հիմնվել է 1986 թվականին` ի հիշատակ ակնառու իրավապաշտպան Թորոլֆ Ռաֆթոյի:

Մրցանակի նախորդ տարիների դափնեկիրներից չորսը, այդ թվում իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, հետագայում արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG