Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 19-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը կրկին անդրադառնում է «Մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին։ Նա ասում է. - «Ամենաէական խնդիրներից մեկը, իմ կարծիքով, անհանդուրժողականության հարցն է, որը զեկույցում ներկայացված է խիստ միակողմանիորեն։ Ստացվում է, որ իշխանությունը մարտի 1-ից առաջ եւ հետո զսպվածության եւ լայնախոհության տիպար է, իսկ ահա ընդդիմությունը՝ ագրեսիվ եւ ապակայունացնող։ Դա այդպես չէ. թե՛ հիշյալ իրադարձությունների ժամանակ, թե՛ ընդհանրապես՝ անհանդուրժող էին երկու կողմերն էլ։ Բայց այս հարցում նրանց մեջ չկա եւ չի կարող լինել սիմետրիա։ Մի բան է, երբ ես իմ անհանդուրժողականությունն արտահայտում եմ հրապարակներում փիս-փիս բառեր ասելով, մեկ այլ բան է, երբ ես այն արտահայտում եմ խաղաղ ցուցարարներին ծեծուջարդի ենթարկելով, մարդկանց սպանելով ու բանտերը գցելով։ Անզեն եւ զինված անհանդուրժողականները տարբեր քաշային կատեգորիաներում են»։

«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Հայ-թուրքական գործընթացները նոր թափ հաղորդեցին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին։ Բայց արդյո՞ք նա ունի այդ հնարավորությունը։ Ռոբերտ Քոչարյանը չունի վերադարձի քաղաքական հենարան։ Հասարակական հենարան ունենալու մասին մտածելն անգամ ավելորդ է։ Արտաքին առումով էլ կարծես թե որեւէ մեկն այդքան էլ դժգոհ չէ Սերժ Սարգսյանի պահվածքից, առավել եւս, որ նա կարծես թե դեռեւս կարողանում է հավասարակշռություն պահել բոլորի՝ Ռուսաստանի, Արեւմուտքի, Եվրոպայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի եւ նույնիսկ անուղղակի՝ Ադրբեջանի միջեւ։ Իսկ ինչ է արել Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տասը տարիների ընթացքում, որ վերադարձի տեղ ունենա։ Իհարկե, ասֆալտ է արել՝ Քըրք Քըրքորյանի փողերով, իհարկե տնտեսություն է վերականգնել՝ սեփականաշնորհելով, իհարկե չի հանձնել Ղարաբաղը, որովհետեւ երեւի թե չեն տվել պահանջված գինը՝ երրորդ ժամկետ կամ վարչապետություն։ Իսկ ներքին եւ արտաքին քաղաքականության մյուս բոլոր ուղղություններով Ռոբերտ Քոչարյանը փաստացի չի արել հիմնարար եւ հիշարժան ոչինչ, որ ինչ-որ հարթության վրա ունենա վերադարձի տեղ։ Ու այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի «զենքնե» է, իր անվերջ վերադարձի մասին խոսակցություններով»։

«Հայոց աշխարհ»-ը տեղեկացնում է, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկումների շարքը երեկ սկսել է Հանրային խորհուրդը. - «Գլխավոր բանախոսը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էր, որը որպես ԱԺՄ-ի առաջնորդ մասնակցել էր նաեւ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած կուսակցությունների նախագահների հետ քննարկումներին։ Վերհիշելով ՀՀՇ-ի իշխանավարման տարիները, Վազգեն Մանուկյանը նկատեց. - «Ես էի, որ «Թուրքիայի հետ՝ նոր քաղաքականություն» գաղափարը մտցնում էի շարժման մեջ ու «Ղարաբաղ» կոմիտե։ Պնդում էի, որ առանց հրաժարվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից ու Հայ Դատից, պետք է կարողանանք Թուրքիայի հետ մտնել նոր փոխհարաբերությունների մեջ, քանի որ դա են պահանջում մեր պետական ու ազգային շահերը։ Այդ տարիներին ե՜ւ երկրի նախագահը, ե՜ւ վարչապետը Թուրքիայի հետ ոչ հրապարակային բանակցություններ էին վարում։ Բանակցությունները նույն կերպ վարվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, եւ այդ տարիներին քննարկվել է նաեւ այն թուղթը, որը օրերս ստորագրվել է Շվեյցարիայում»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ստեղծվել է մի վիճակ, երբ միջազգային հանրությունը Հայաստանին եւ Թուրքիային պարտադրել է «հաշտության փաստաթուղթ», որը ոչ մեզ է ձեռնտու, ոչ Թուրքիային (որեւէ մեկը չի էլ թաքցնում, որ երկու կողմերի վրա էլ ճնշումներ են գործադրվել)։ Այս իրավիճակում Թուրքիան պիտի ձգտի ամեն ինչ անել, որպեսզի հայկական կողմը մերժի փաստաթղթերի ստորագրումը, իսկ մենք, հակառակը, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի թուրքերն իրենք լինեն հրաժարվողի դերում։ Հասկանալի է, չէ՞, որ եթե հրաժարվողը մենք ենք լինում, Թուրքիան իրավունք է ստանում ի լուր աշխարհի հայտարարել, թե ահա իրենք մտադիր էին երկու ամսում սահմանը բացել, բայց Հայաստանը մերժեց։ Եվ հակառակը՝ եթե Թուրքիան է հրաժարվում, մենք ենք իրավունք ստանում ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ ապացուցել, որ Թուրքիան ի վիճակի չէ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ»։

Անդրադառնալով ընդդիմության սեպտեմբերի 18-ի հանրահավաքին՝ «Գոլոս Արմենիի» թերթը գրում է. - «Անկասկած, Տեր-Պետրոսյանի ելույթի մեխը դարձավ այն պնդումը, թե Հայաստանում բոլորը, բացի իր Կոնգրեսից, թքած ունեն ժողովրդավարության եւ Ղարաբաղի վրա։ «Ով մեզ հետ չէ, տականք է» թեմայով վարիացիաներն արդեն անցել ենք։ Ղարաբաղի ճակատագրով մտահոգվածները, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, պետք է անմիջապես փողոց դուրս գան, միտինգներ անեն, եւ՝ ահա հիմնական կետը՝ պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարակաը, որը ծախել է Ղարաբաղը եւ տապալել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Տեր-Պետրոսյանը քաղաքական դիսկոտեկայում դիսկ ժոկեյի ոճով մեկնաբանեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների բազմակի հավաստիացումներն այն մասին, թե իրենք հավատում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա արտաքին քաղաքական կուրսին, ասելով. Իսկ մինչեւ հիմա ես կարծում էի, թե հավատալ կարելի է միայն Աստծուն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG