Մատչելիության հղումներ

«Երուսաղեմի օրը» Իրանում հակակառավարական ցույցի առիթ դարձավ


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր «Երուսաղեմի օրվան» նվիրված ցույցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմնակիցները ֆիզիկապես հարձակվել են նախկին նախագահ, երկրում բարեփոխումների կողմնակից Մոհամադ Խաթամիի վրա, երբ վերջինս ընդդիմադիր կողմնակիցների հետ մասնակցում էր հակակառավարական ցույցի:

Բարեփոխականների կայքէջի փոխանցմամբ` հարձակվողները նախկին նախագահին տապալել են գետնին, Խաթամիին օգնության են հասել ընդդիմադիրները:

Ինչպես «Ֆրանսպրես» գործակալությանը փոխանցել է նախկին նախագահի եղբայրը` Մոհամադ Ռեզա Խաթամին, «նա վնասվածքներ չի ստացել եւ այժմ իրեն լավ է զգում»:

«Երուսաղեմի օրվա» առիթով կազմակերպված երթի ժամանակ, որը ընդդիմությունը ծրագրել էր հակակառավարական բողոքի ակցիայի վերածել, Թեհրանում բախում է տեղի ունեցել նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հակառակորդների եւ իրանցի իրավապահների միջեւ:

Հաղորդագրությունների համաձայն` ընդդիմության ավելի քան 10 կողմնակից ձերբակալվել է:

Իրանական ընդդիմությունը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ այսօր էր դուրս եկել բողոքի ակցիայի` օգտվելով «Երուսաղեմի օրվա» խորհրդից, որի ընթացքում իրանցիները Պաղեստինին իրենց աջակցությունն են հայտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG