Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը խստորեն քննադատում է խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը


Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը հինգշաբթի օրը տարածած հայտարարությամբ խիստ քննադատության է ենթարկում Մարտի 1-2- իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի՝ Ազգային ժողովին ներկայացրած զեկույցը։

«Զեկույցը կազմողները միտումնավոր մի կողմ են դրել Փաստահավաք խմբի ավելի քան 6 ամիսների ընթացքում հավաքած հսկայածավալ փաստական նյութը եւ կատարած աշխատանքի կարեւորագույն արդյունքները», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։ - «Միտումնավոր տապալելով իր առջեւ դրված խնդիրները, այն է՝ մարտիմեկյան զոհերի սպանությունների հանգամանքները պարզելու, ապօրինություններն ու այլ հանցանքները բացահայտելու փոխարեն, Ազգային ժողովի հանձնաժողովը ծնել է վուլգար բարոյախոսությամբ ու քաղաքական գնահատականներով լի մի հայտարարություն»։

«Հանձնաժողովը, ի դեմս վերջնական փաստաթուղթը ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրագործելով իրեն տրված հրահանգը, իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք։ Դրանով իսկ այն իրավական պատասխանատվության հիմք է դառնալու այն անձանց համար, ովքեր ստորագրել են սույն զեկույցը», - ասված է ընդդիմադիր դաշինքի հայտարարությունում: - «Զեկույցն ըստ էության նաեւ Սերժ Սարգսյանի՝ որպես Մարտի 1-ի ջարդի ու սպանդի գլխավոր կազմակերպիչներից եւ պատասխանատուներից մեկի նկատմամբ մեղավորության, հանցագործության յուրատեսակ մի դատավճիռ է, ապացույց այն բանի, որ խաղաղ քաղաքացիների ջարդն ու սպանդը, հազարավոր ապօրինություններն ու բռնությունները գործադրվել են միայն ու միայն մեկ՝ ապօրինի իշխանությունը պահելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG