Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 16-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Ինչ ուզում եք ասեք, բայց Դաշնակցությունը իսկապես հայ քաղաքական մտքի եզակի դրսեւորում է: Միայն Դաշնակցության մտքով կարող էր անցնել կազմակերպել հացադուլ, որի մասնակիցները հաջորդաբար փոխելու են իրար: Այսինքն` ով սովածացավ, նա դուրս է գալիս հացադուլից, եւ նրա փոխարեն նստում է նա, ով հենց նոր կշտացել էր: Արդյունքը լինում է այն, որ թե գայլերն են կուշտ լինում` ի դեմս Դաշնակցության պարագլուխների, որոնք հմտորեն վերահսկում են հացադուլավորների փոփոխության կարգը, եւ թե ոչխարներն են անվնաս մնում` ի դեմս իշխանության, որին Դաշնակցության հացադուլից օգուտ կա, վնաս չկա, քանի որ Դաշնակցության չկերածն իշխանությանն է մնալու բնականաբար»:

«Տարեգիր» թերթի փոխանցմամբ, երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ Հայաստանի նախկին արտործնախարար Վարդան Օսկանյանն ասել է. - «Ես չեմ պատկերացնում, որ հայ դիվանագետը կարող է գնալ եւ նման փաստաթղթի շուրջ բանակցել: Ես դա չեմ արել 10 տարի եւ չեմ հասկանում, թե հայկական կողմը այսօր ինչպե՞ս կարող է նման փաստաթուղթ դնել մեր ժողովրդի առաջ, համաձայնվել թուրքերի ստորացուցիչ նախապայմանների հետ: Ես լավ գիտեմ, որ 1991թ. այն 2 պահանջը` Հայոց ցեղասպանությունից հրաժարումը եւ սահմանների ճանաչման խնդիրը, որոնք թուրքերը դրեցին մեր առաջ, այսօր տեղ են գտել արձանագրություններում: 1992թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը կատեգորիկ մերժել է թուրքերի 2 պահանջներն էլ: Հետագա իշխանություններն էլ են մերժել թուրքերին: Եթե որեւէ մեկին թվում է, որ նախորդ տարիներին թուրքերը մեզ չեն մոտեցել եւ նման փաստաթուղթ առաջարկել ստորագրել, սխալվում են: Իհարկե մոտեցել են, բայց մենք մերժել ենք: Այսօրվա իշխանություններն ինչու են համաձայնվել` ես չգիտեմ, չեմ հասկանում»:

«ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Լրագրողը հարցնում է. - «Սփյուռքում երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը չեն խորշում համատեղ հանրահավաք անցկացնել ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների: Ինչո՞ւ նույնը տեղի չի ունենում Հայաստանում»: Հայրապետյանը պատասխանում է. - «Որովհետեւ այստեղ ավելի շատ է կախվածությունն իշխանություններից: Բայց, անկեղծ ասած, դա էլ ինձ չի հետաքրքրում, որովհետեւ իմ համոզմամբ՝ սփյուռքն իրավունք չունի խառնվելու Հայաստանի ներքին գործերին՝ ո'չ մեր կողմից, ո'չ էլ մեր դեմ: Եթե ցանկանում են խառնվել, թող գան Հայաստանի քաղաքացի դառնան ու մեզ լծակից լինեն: Քանի դեռ մեզ լծակից չեն, բարոյական որեւէ իրավունք չունեն խառնվել Հայաստանի գործերին: Դրա համար չեմ էլ հետաքրքրվել, թե ինչ են որոշել այնտեղ անել»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ խնդրելով նրան արժեվորել Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը, ճշտել՝ դա անձնական մղումների՞, թե՞ քաղաքական վճռի հետեւանք էր: Եթե այդքան արժեքավոր քայլ էր, ինչո՞ւ կուսակիցներից ոչ ոք չի հետեւում նրա օրինակին: Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանում է. - ««Ժառանգությունը» շարունակում է իր գործունեությունը, քանի որ տեղի ունեցող զարգացումներն ու իրավիճակը գնահատում է քաղաքական հարթության մեջ։ Մենք պայքարի կողմնակից քաղաքական ուժ ենք եւ առաջնորդվել ու շարունակում ենք գործել մասնակցային քաղաքականության ոգով։ Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգության» քայլերի միջեւ հակասություններ մատնանշելը, կարծում եմ, տեղին չէ, քանի որ կուսակցության դիրքորոշումներում չկա անձնական մոտիվացիա»։ Իսկ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ իրենց կողմից առաջարկվող հանրաքվեի վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանը ասում է. - «Ես վստահ եմ, թե հանրաքվեի ժամանակ մեր ժողովուրդն ինչ կասի։ Սակայն կարեւորը իմ վստահությունը չէ։ Համապետական հարցեր ու խնդիրներ լուծելու ժամանակ ժողովրդի խոսքը լսելը միշտ էլ ճիշտ»։

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Նրանք, ովքեր դեմ են այդ արձանագրություններին, ազնիվ լինելու դեպքում պետք է քարոզեն ոչ թե դրա բարելավումը (որը, ինչպես տեսանք, անհնար է թե' տեսականորեն եւ թե' գործնականորեն), այլ՝ կտրուկ եւ վերջնական մերժումը: Արդյոք դա հնարավո՞ր է: Իհարկե, հնարավոր է: Բայց ի՞նչ է դրան հետեւելու: Թույլ տվեք այդ հարցին պատասխանել Հայաստանի առաջին նախագահի խոսքերով, որոնք նա ասել է մոտ 12 տարի առաջ փոքր-ինչ այլ [ղարաբաղյան կարգավորման] առիթով: Այդ գնահատականները, սակայն, արդիական են նաեւ տվյալ դեպքում. - «Ի՞նչ է, միջազգային հանրությունը թույլ է տալու, 20 կամ 30 տարի պահպանվի՞ այս վիճակը: Սա բացառված է, եւ միջազգային հանրությունը կգտնի ձեւեր, միջոցներ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել... Գուցե կարելի է համառել կես տարի էլ, մեկ տարի էլ ձգձգել, բայց ի վերջո աշխարհի համբերության բաժակը կլցվի»: Իհարկե, մեր հասարակությունը ո'չ այն ժամանակ էր պատրաստ նման «սառը ցնցուղի», ո'չ էլ հիմա: Նա ցանկանում է, որ նրան տաքացնեն սնամեջ պատրանքներով: Ինչով եւ զբաղված են մեր քաղաքական եւ հասարակական շրջանակները»:

«Հայք»-ը խմբագրականում գրում է. - «Երեկ Եվրահանձնաժողովը Հայաստանի, Ադրբեջան եւ Վրաստանի հետ Եվրամիության հետ ասոցացվելու երկկողմ բանակցությունների մանդատ է ստացել: Անկասկած, հրաշալի է, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի նման թշվառ երկրի հետ ընդլայնել համագործակցությունը, անչափ ուրախալի է, որ Եվրոպայում դեռ հիշում են մեր մասին: Բայց Եվրահանձնաժողովի որոշումը մի քանի հարցեր է առաջացնում: Նախ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող Եվրամիությունը ինչո՞ւ է ցանկանում սերտ համագործակցություն հաստատել ժողովրդավարությունից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Բացի այդ, մի՞թե նման որոշումով ժողովրդավարության ջատագով Եվրահանձնաժողովը չի ոգեւորում Հայաստանի եւ Ադրբեջանի, մեղմ ասած՝ ոչ ժողովրդավարական իշխանություններին: Եվ ամենակարեւորը, իսկ Հայաստանը ցանկանո՞ւմ է ասոցացվել Եվրոպայի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG