Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի արտահանման ծավալները


Ադրբեջանի կառավարությունը եւ British Petroleum ընկերությունը բանակցություններ են սկսել Կասպից ծովի ավազանում գտնվող «Ազերի», «Չիրաղ» եւ «Գյունեշլի» հանքավայրերի հնարավոր համատեղ շահագործման շուրջ: Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը:

Նրա խոսքով` այս երեք հանքավայրերում գազի ընդհանուր ծավալը գերազանցում է 400 միլիարդ խորանարդ մետրը:

Ելույթ ունենալով Բաքվում` էներգետիկ խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի բացմանը, Աբդուլաեւը նշել է. - «Եվրոպա գազի արտահանման ընթացքում Ադրբեջանը պատրաստ է շահավետ առեւտրային պայմաններ առաջարկել իր գործընկերներին»:

Որպես ադրբեջանական գազի արտահանման ամենաշահավետ ուղիներ Աբդուլաեւը հիշատակել է Nabucco ծրագիրը, Թուրքիա - Հունաստան - Իտալիա գազատարը եւ Տրանս-Ադրիատիկ խողովակաշարը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարի խոսքով` գազի արդյունահանման ծավալները երկրում գնալով աճում են: «Եթե 2004 թվականին մենք արդյունահանել էինք 7 միլիոն խորանարդ մետր գազ, ապա այս տարի այդ ցուցանիշը կհասնի 29 միլիոնի: Մինչեւ 2029 թվականը ադրբեջանական գազի արդյունահանման տարեկան ծավալը կկազմի 40 միլիոն խորանարդ մետր», - նշել է Աբդուլաեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG