Մատչելիության հղումներ

Մարգարետ Թետչերը դե՞մ է եղել Գերմանիայի վերամիավորմանը


Ռուսաստան -- Մարգարետ Թետչերի եւ Միխայիլ Գորբաչովի հանդիպումը, Մոսկվա, 30-ը մարտի, 1987թ.
Ռուսաստան -- Մարգարետ Թետչերի եւ Միխայիլ Գորբաչովի հանդիպումը, Մոսկվա, 30-ը մարտի, 1987թ.

«Բեռլինյան պատի փլուզումից երկու ամիս առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը հստակ ասել է Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովին, որ Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիաների միավորումը ցանկալի չէ ո´չ պաշտոնական Lոնդոնի, ո´չ էլ Արեւմտյան Եվրոպայի համար, եւ ակնարկել է, որ Գորբաչովը պետք է գործադրի բոլոր ջանքերը` Գերմանիայի վերամիավորմանը խոչընդոտելու համար», - անցած շաբաթ գրել էր բրիտանական հեղինակավոր Times պարբերականը։

Հոդվածի համար հիմք էր ծառայել երիտասարդ գիտնական Պավել Ստրոիլովի` Միխայիլ Գորբաչովի անձնական արխիվներում կատարած ուսումնասիրությունները, որոնց համաձայն 1989 թվականին երկու առաջնորդների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թետչերը վստահեցրել է, որ Արեւմուտքը չի փորձի կոմունիզմի ուղուց շեղել Արեւելյան Եվրոպայի երկրներին, ինչպես նաեւ որեւէ քայլ չի ձեռնարկի Խորհդային Միության անվտանգության դեմ։

«Մեզ միավորված Գերմանիա պետք չէ. դա կհանգեցնի հետպատերազմյան սահմանների վերանայմանը, ինչը մենք չենք կարող թույլ տալ, քանի որ այդ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի միջազգային դրությունը եւ մեր անվտանգությունը», - մինչ օրս չհրապարակված այդ զրույցի ընթացքում ասել է Թետչերը:

Հոդվածագիր, քաղաքական մեկնաբան Մայքլ Բինյոնի խոսքով, արձանագրությունները վկայում են, որ Թետչերը շատ ավելի եռանդուն եւ հաստատակամ է եղել Գերմանիայի վերամիավորման դեմ իր դիրքորոշման մեջ: Մեծ Բրիտանիայի վարչապետին ամենից առավել մտահոգում էր այն հանգամանքը, որ միավորված Գերմանիան կարող է գերտերություն դառնալ, ընդ որում` ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հարաբերություններում, ինչպես նաեւ հարցականի տակ դնել հետպատերազմյան մի շարք սահմանների օրինականությունը։ Ընդ որում, Բինյոնի կարծիքով, Թետչերի այս դիրքորոշումը պաշտպանել են նաեւ Արեւմուտքի մյուս առաջնորդները:

«Հայտնի է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի խոսքը, թե` ես այնքան եմ սիրում Գերմանիան, որ երջանիկ կլինեի, եթե դրանից երկուսը լինեին», - հիշեցնում է Մայքլ Բինյոնը։

Հոդվածը մեկնաբանել է նաեւ Մարգարետ Թետչերի նախկին խոսնակ, «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման տնօրեն Ջոն օ'Սալիվանը: Վերջինիս խոսքով, Մեծ Բրիտանիայի վարչապետը մտավախություն ուներ, որ Գերմանիայի անակնկալ միավորումը կարող է նոր խնդիրներ առաջ բերել, եւ այդ մասին պարզորոշ ասում էր իր գործընկերներին:

«Նա երկակի խաղ չէր խաղում: Բոլորը գիտեին, որ նա դեմ է վերամիավորմանը` կարճատեւ ժամանակահատվածում, եւ թերահավատ` երկարաժամկետ կտրվածքով», - ասում է Մարգարետ Թետչերի խոսնակը եւ ընդգծում, որ այդ տեսակետը կիսել է նաեւ Միացյալ նահանգների նախագահ Ջորջ Բուշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG