Մատչելիության հղումներ

Հայաստանում օգտագործվող համակարգչային ծրագրերի ճնշող մեծամասնությունը չարտոնագրված է


«Մտավոր սեփականության համաշխարհային ալյանս» կազմակերպության տվյալներով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չարտոնագրված ծրագրերի կամ, ինչպես ընդունված է ասել՝ «պիրատային փաթեթների» օգտագործման ցուցանիշը Հայաստանում կազմում է 92 տոկոս։

Ըստ հիշյալ կազմակերպությանն անդամակցող «Բիզնես սոֆթվեր ալյանս» (BSA) միջազգային ընկերության իրավական խորհրդատու Նարինե Մկրտչյանի, այս երեւույթը լրջորեն վնասում է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը։

BSA-ը վերջին տարիներին Հայաստանում իրականացրել է հիմնականում իրազեկման աշխատանքներ՝ համագործակցելով ինչպես համակարգչային զանազան ծրագրեր օգտագործող ընկերությունների, այնպես էլ պետական կառույցների, այդ թվում` իրավապահների հետ։ Նպատակը Հայաստանում արտոնագրված ծրագրային փաթեթների օգտագործման մշակույթի ձեւավորումն է։

Ընկերությունը համակարգչային ծրագրեր վաճառող երեւանյան 20 խանութներում նախորդ ամսվա ընթացքում անցկացրել է մոնիթորինգ:

«Ունենք ընդամենը չորս խանութ, որտեղ իրականացված մոնիտորինգի ընթացքում երբեւէ չի առաջարկվել սպառողին չլիցենզավորված ծրագիր», - հայտնեց Նարինե Մկրտչյանը՝ հավելելով, որ մնացած 16 խանութներում, չնայած բազմաթիվ նախնական իրազեկումներին, շարունակել են վաճառել չարտոնագրված ծրագրային փաթեթներ, ու դեռ ավելին` սեւ ցուցակում հայտնված որոշ խանութներում անգամ հակագովազդել են արտոնված փաթեթները։

Մկրտչյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե Հայաստանում նման ծրագրահենության բարձր մակարդակը պայմանավորված է լիցենզիոն փաթեթների չափազանց բարձր` սովորական սպառողի համար գործնականում անհասանելի գներով:

«Իսկ արդյո՞ք մենք բոլորս գիտակցում ենք, թե մեր անհատական համակարգչի համար Microsoft Office ամբողջ փաթեթը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե մենք աշխատում ենք Word եւ Excel ծրագրով, մեզ անհրաժե՞շտ է տանը ունենալ Microsoft Office: Ոչ», - ասաց նա՝ հավելելով, թե կան «մատչելի տարբերակներ»:

Համակարգչային ծրագրեր վաճառող խանութներից մեկում, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնորդներից մեկը կտրականապես մերժեց արտոնագրային ծրագրեր ձեռք բերելու նպատակահարմարությունը։

«Որպես գնորդ մեծ ցանկություն ունեմ գնել արտոնագրված ծրագիր, բայց գները շատ բարձր են: 85 հազար այսօր տալ եւ առնել արտոնագրված Windows, ես ինձ չեմ կարող թույլ տալ», - ասաց նա: - «Պրոբլեմը պետք է լուծվի միմիայն բանակցությունների միջոցով»:

Գնորդը նկատի ուներ բանակցությունը ծրագրային արտադրանք թողարկող ընկերության հետ։
Համակարգիչների եւ ծրագրերի վաճառքով զբաղվող RAS խանութի աշխատակից Հովհաննես Բաբուրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նման բանակցություններ կարող է վարել պետությունը` իր քաղաքացիների համար արտոնագրված ծրագրեր ձեռք բերելը հեշտացնելու, ավելի մատչելի դարձնելու համար։

Նարինե Մկտրչյանի մեկնաբանությամբ, սակայն, գնագոյացման վրա պետությունը չի կարող ազդել. - «Մտավոր սեփականության արդյունքը ապրանք է, որը ունի արժեք»:

BEVER-ում, որը, BSA-ի մոնիտորինգի արդյունքներվ, մեկն է չորս օրինապաշտ խանութներից, «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ իրենք աշխատում են կորպորատիվ պայմանագրերով եւ հիմնականում սպասարկում են ոչ թե անհատ սպառողներին, այլ կազմակերպություններին։ Խանութի աշխատակիցները ասացին նաեւ, որ սովորական սպառողները հնարավորություն ունեն օգտագործել ոչ թե թանկ փաթեթները՝ ամբողջությամբ, այլ միայն դրանց որոշ բաղադրիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG