Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը նշանակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր համանախագահին


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին։

«Ռոբերտ Բրադկեն ստանձնում է այս պաշտոնը՝ արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 36 տարվա աշխատանքից եւ եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում ակտիվ փորձառությունից հետո», - ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությունում։

Ռոբերտ Բրադկեն այս տարվա հուլիսին ավարտել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության եռամյա ղեկավարությունը, իսկ դրանից առաջ՝ 2001-2004 թվականներին եղել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը, Եվրոպական եւ Եվրասիական հարցերով՝ ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հարցերով պատասխանատուն։

«Միացյալ Նահանգները հասկանում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային կարեւորությունը, եւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին դրական երկխոսությունը», - ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում։ - «ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մատնանշել է երկու նախագահներին իր խորը հետաքրքրվածությունը Մինսկի խմբի հետագա ջանքերում՝ հակամարտությունը արդյունավետ հանգրվանի բերելու վերաբերյալ, եւ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստակամ է անել ամեն հնարավորը՝ այդ նպատակին աջակցելու համար»։

«Մենք տեղեկացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին դեսպան Բրադկեի նշանակման մասին», - հաղորդում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը եւ նշում, որ ամերիկացի նոր համանախագահը անհամբեր սպասում է իր առաջին այցին տարածաշրջան, որ տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։

Ռոբերտ Բրադկեն այս պաշտոնում փոխարինում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզային, ով, ըստ հաղորդումների, ստանձնելու է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG