Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 5-ի մամուլ


«Կապիտալ»-ի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ասում է. - «Մենք կատարեցինք տարօրինակ եզրահանգումներ եւ ընտրեցինք զարգացման թուրքական մոդելը՝ քեմալիստական մոդելը, եւ քսան տարի է՝ փորձում ենք դառնալ Թուրքիա: Իզուր չէ, որ վերջին քաղաքական զարգացումները նորից մեր իշխանություններին դրդում են այդ ուղղությամբ: Մենք չընտրեցինք իրանական մոդելը, որտեղ կյանքը հիմնված է հոգեւոր արժեքների վրա: Մենք ընտրեցինք շուկայական, փողի գույն ունեցող աստվածներին: Սա վերաբերում է անգամ եկեղեցուն: Մենք վաճառեցինք հնարավոր ու անհնար ամեն ինչ: Վաճառեցինք ու վերավաճառեցինք գործարանները, երկաթուղին ու մշակութային բոլոր հնարավոր ոլորտները, որոնք հիմա կոչվում են «օբյեկտներ»: Իսկ վերջերս էլ այսպես կոչված իշխանական վերնախավը սկսել է սակարկել հայրենի հողը: Այս ամենի մեջ ամենաողբերգականն այն էր, որ մարտի 1-ից հետո իրենց մտավորական վերնախավ անվանող մարդիկ, ովքեր պարտավոր են նման իրավիճակում պաշտպանել զոհին, լավագույն դեպքում լռեցին, իսկ վատագույն դեպքում ծախվեցին, սակարկեցին եւ սկսեցին բացեիբաց պաշտպանել դահիճներին»:

«Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ տեղ են գտել դրույթներ, որոնք խաչ են քաշում երրորդ հանրապետության միսիոներական բոլոր նախաձեռնությունների վրա, եթե, իհարկե, այդպիսիք նրա մեջ դրված էին: Թերեւս, պետք էր ի սկզբանե ընդունել, որ նոր հայկական պետականությունը չի հանդիսանում ազգային պատմության իրավահաջորդ, առնվազն այդ դեպքում չէին լինի համապատասխան սպասումները, ուրեմն եւ` հիասթափությունները: Հայ - թուրքական սահմանը իրականում հաշվարկվում է որ թե տարածության մեջ, այլ ժամանակի: Այն մի քանի հարյուր կիլոմետր չի, որ բաժանում է պատմական Հայաստանի մի մասը մյուսից, այլ մի քանի իրար հաջորդող հարյուրամյակ է, որոնց ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվել են մի շարք հրեշավոր նախագծեր, այդ թվում եւ` Ցեղասպանություն: Հենց Ցեղասպանության ընթացքում էլ գծվել են ներկա հայ - թուրքական սահմանի ուրվագծերը եւ երկարությունը»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը, մտնելով պետության համար բավական վտանգավոր մի աշխարհաքաղաքական խաղի մեջ, որի առումով Հայաստանի համար ոչ առաջ գնալն է արդեն նպաստավոր, ոչ հետ գնալը եւ ոչ էլ տեղում դոփելը, իր համար ապահովում է անտանուլ մի խաղ: Այսինքն` եթե հայ - թուրքական հարցը լուծվում է դրական, ապա Սերժ Սարգսյանը ինքնին դուրս է գալիս հաղթանակած: Եթե հայ - թուրքական հարցը չի լուծվում եւ ձգվում է, ապա Սերժ Սարգսյանը կրկին շահող է, քանի որ նա փաստացի ցույց է տվել միջազգային հանրությանը, որ պատրաստ է մինչեւ վերջ հավատարիմ մնալ հայ - թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի տառին եւ ոգուն: Այսինքն` դրսի հետ Սերժ Սարգսյանը կարծես թե պրոբլեմ չունի, քանի դեռ չի եկել բոլոր պայմանավորվածությունները` թե' հայ - թուրքական, թե' դրա նախապայման հանդիսացող Ղարաբաղի հարցում խոստումից գործնականի վերածելու ժամանակը: Այդ դեպքում կարող են Սերժ Սարգսյանի համար առաջանալ խոստումները կատարելու խնդիրներ: Այսինքն` նրա համար փաստացի նույնիսկ նպաստավոր է պրոցեսի ձգձգման տարբերակը, ինչն էլ, ըստ էության, զարգացումների ամենահավանական տարբերակն է»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Փաստորեն, արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում «հասարակական լայն քննարկումներ են ընթանում» հայ - թուրքական արձանագրությունների շուրջ: Եկեք իրար ճիշտ հասկանանք: Նախ, հնարավո՞ր են արդյոք քաղաքական քննարկումներ մի երկրում, որտեղ տվյալ պահին իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված մարդիկ կան: Երկրորդ. շատերը մոռանում են, որ հրապարակված արձանագրություններն արդեն իսկ նախաստորագրված են, այսինքն` Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններն արդեն իսկ հավանություն են տվել այդ փաստաթղթերին, եւ մնում է միայն դրանք վավերացնել: Իսկ վավերացնողը հասարակությունը չի լինելու, այլ Ազգային ժողովը, հետեւաբար` հասարակական քննարկումներն անիմաստ են: Ընդ որում, Ազգային ժողովում նույնպես քննարկումներն անիմաստ են, որովհետեւ այնտեղ կա ձեւավորված մեծամասնություն, որը միշտ եւ անվերապահորեն կատարում է Սերժ Սարգսյանի հրահանգները»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի հետ: «Օրինաց երկիր» կուսակցությունը ինչպե՞ս է գնահատում հրապարակված երկու արձանագրությունները», - լրագրողի այս հարցին Հարությունյանը պատասխանել է. - «Կուսակցությունն ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը բազմիցս են կարեւորել հարեւանների հետ նորմալ, բնականոն հարաբերությունների հաստատումն ու զարգացումը: Այն փաստը, որ Հայաստանի սահմանակից չորս հարեւաններից երկուսի հետ մենք չունենք ընդհանրապես ոչ մի կարգի հարաբերություն, ոչ վաղ անցյալում մեզ համար ստեղծել եւ հետագայում էլ կարող է առաջացնել մտահոգիչ իրավիճակներ: Էլ չեմ խոսում տնտեսական զարգացման ու տարածաշրջանային ծրագրերին մեր մասնակցության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG