Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 3-ի մամուլ


«Ազգ»-ը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ երեկ զրուցել է հայ-թուրքական երկկողմ եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հրապարակված արձանագրությունների շուրջ, որոնք Մանուկյանը ողջունել է՝ ասելով, որ փաստաթղթերով շատ վճռական եւ կարեւոր քայլ է արվել մեր արտաքին քաղաքականության մեջ: «Դուք ինձ բացատրեք` բացի որոշ ուժերի ցանկությունից, որ ամեն գնով ուզում են իշխանություն գցել, ինչո՞ւ պետք է Հայաստանի ժողովուրդը դեմ լինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը, ճանապարհների բացմանը: Ի՞նչը պետք է առաջացնի այդպիսի դժգոհություն: Այս քայլից հետո, ես կարծում եմ, նույնիսկ Ցեղասպանության ճանաչման խնդիրն ավելի հեշտ կլինի», - ասել է Վազգեն Մանուկյանը:

«Հայոց Աշխարհ»-ը նույն հարցերի շուրջ զրուցել է Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի հետ: Հարությունյանը ասում է. - «Թուրքիան էլ, մենք էլ կարդալ գիտենք եւ հասկանում ենք՝ տողատակերում ինչ է գրված։ Այս փաստաթղթում ոչ ուղղակի, ոչ անուղղակի՝ ենթատեքստում, որեւէ ակնարկ չկա այլ խնդիրների, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության մասին։ Թուրքերը բավական հմուտ դիվանագետներ են եւ հրաշալի գիտեն՝ եթե փորձեն այս փաստաթուղթը կապել Ղարաբաղի հարցի հետ, ապա ակնհայտորեն մեջտեղ է գալու Թուրքիայի պատասխանատվությունը՝ կապված Կիպրոսյան հակամարտության հետ։ Այնպես որ, վերանանք այդ կասկածամտության սինդրոմից եւ փորձենք այս փաստաթղթերը անաչառ վերլուծել»։

Նույն հարցերով «Առավոտ»-ի զրուցակիցն է «Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նա ասում է. - «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր սպոնսորը, ոգեշնչողն ու կազմակերպիչը Ռուսաստանն է, որն այդ հակամարտության ընթացքում հաջորդականորեն աջակցել է մե'կ Հայաստանին, մե'կ Ադրբեջանին, այն ուժերին, որոնք երկու ժողովուրդներին հրահրեցին պատերազմի: Ռուսաստանի այդպիսի կեցվածքի, վերաբերմունքի ռեսուրսներից մեկն էլ Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի վախն է: Կարծում եմ, երբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, լինի երկկողմ համագործակցություն, ի հայտ գան փոխվստահության տարրեր, ամենահզոր ռեսուրսներից մեկը, որով Ռուսաստանը ազդում է Հայաստանի հասարակության վրա, ի չիք կդառնա: Ռուսաստանի ազդեցությունը հիմա խարսխված է ոչ թե տնտեսական ներուժի, այսպես կոչված «մեղմ ուժի» [soft power] վրա, այլ հենց հակամարտությունների հրահրման եւ դրանց նկատմամբ ազդեցության վրա՝ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Լեռնային Ղարաբաղում, նաեւ կովկասյան հանրապետություններում քրեածին տարրերի հետ սերտ կապերի վրա»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանի նախագահը տարիներ շարունակ, ընդհուպ մինչեւ օգոստոսի 31-ը, երբ նախագահականը տարածեց BBC-ին տված նրա հարցազրույցը, պնդում, հայտարարում էր, որ Թուրքիան խախտում է պայմանավորվածությունները, չի հարգում դրանք եւ ցուցաբերում է ապակառուցողականություն: Ապակառուցողականության մասին հայտարարությունների եւ այս ակնթարթային կառուցողականության կոնտրաստը կարծես թե չափազանց շատ է ամեն ինչ բնական ընկալելու եւ չկասկածելու համար: Իսկ կասկածն այն է, որ Հայաստանի իշխանությունը, թերեւս, բացարձակապես անտեղյակ է հայ-թուրքական հարաբերության գործընթացի բովանդակությանը եւ պարզապես ժամանակ առ ժամանակ Վաշինգտոնից կամ Մոսկվայից հնչող հեռախոսազանգերի միջոցով է տեղեկանում, թե ինչ կա-չկա... Բայց հարց է առաջանում, թե արդյո՞ք բոլոր որոշումների մասին են մեզ տեղյակ պահում: Չէ՞ որ եթե հայ-թուրքական հարաբերության մասին կարեւոր որոշումները կայացվում են մեզնից հեռու, առանց մեր մասնակցության, եւ մենք ընդամենը իքս պահերի ստանում են մեր դերն ու կատարում, ապա անկասկած է, որ շատ ու շատ դերեր ու դերակատարներ կան, որոնց մասին մենք գաղափար անգամ չունենք, Հայաստանը գուցե պատկերացում անգամ չունի»:

«Չորրորդ իշխանություն»-ը, խոսելով անօրինական զինված կազմավորումների՝ մարտի 1-ի դեպքերին մասնակցության մասին, գրում է. - «Ցանկացած նորմալ երկրում նման ցուցակի հրապարակումը ներքաղաքական վիթխարի սկանդալ կառաջացներ, աղմկահարույց դատավարություններ կսկսվեին, նախարարներ պաշտոնանկ կարվեին, իսկ Հայաստանում՝ հեչ, մարդիկ դա ընկալեցին որպես վաղուց հայտնի ճշմարտություն եւ անցան առաջ: Հարցին պետք է նայել օլիգարխների ու նրանց բանդաների տեսանկյունից: Տասը տարի շարունակ իրենք «չարչարվել են», քաղաքական ու տնտեսական հակառակորդներին վերացրել են, երեք-չորս անգամ «վիզ դրած» ընտրություններ են կեղծել, մի խոսքով, ինչպես իրենք են ասում՝ «զասլուժեննի ձեւով» թալանում են երկիրը, ու հանկարծ այդ ամենը մի օրում կարող է վերանալ: Եթե տասը տարի շարունակ ուժայինների հետ «ուս ուսի տված» պայքարել են, հո ապուշ չե՞ն, որ ամենավճռական պահին՝ մարտի 1-ի երեկոյան, մի կողմ քաշվեն եւ հույսը դնեն միայն ուժայինների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG