Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի նախարարները այցելել են Հայաստան


Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը եւ Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ֆուզուլի Ալեքպերովը, որը նաեւ երկրի աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարն է, մի քանի օր առաջ այցելել են Հայաստան: Այդ մասին APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարության մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նրանց այցի նպատակն էր քննարկել Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի` Հայաստան ժամանելու հետ կապված հարցերը. Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնությունը անցկացվելու է Երեւանում:

Այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել, որի տակ իրենց ստորագրություններն են դրել Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարները, երկու երկրների ձյուդոյի ֆեդերացիաների նախագահները, ինչպես նաեւ Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի ու Եվրոպական օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները:

Ստորագրված փաստաթղթի համաձայն, հյուրընկալ երկիրը` Հայաստանը, պատասխանատվություն է վերցնում Ադրբեջանի մարզիկների անվտանգությունը ապահովելու համար:

Համաձայնագրում նաեւ նշված է, որ պետք է պայմաններ ապահովվեն մարզիկների պարապմունքների համար, Ադրբեջանի դրոշը պետք է բարձրացված լինի մյուս երկրների դրոշների շարքում, Ադրբեջանի մարզիկների հաղթանակի դեպքում պետք է բարձրացվի Ադրբեջանի դրոշը, հնչի օրհներգը, որի ընթացքում դահլիճում գտնվողները պետք է ոտքի կանգնեն:

Ասված է նաեւ, որ պետք է պայմաններ ապահովվեն լրագրողների աշխատանքի` տեղեկատվության փոխանցման, հավատարմագրման, ինտերնետից օգտվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG