Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ»


Երկուշաբթի օրը հրապարակված արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին տալիս են հարեւան պետության հետ հարաբերությունները արժանապատվորեն կարգավորելու հնարավորություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին` Սերժ Սարգսյանը, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, նշել է, որ նախօրեին հրապարակված փաստաթղթերը արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը:

«Անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ ես ասել եմ, թե ինչ նպատակներ եմ հետապնդել Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելով: Հայաստանը մոտեցրեց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը: Մենք փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարեւան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Կարծիք հայտնելով, որ նախօրեին հրապարակված արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք «արտացոլում են երեք առանցքային իրականություն». - «Առաջին. ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման: Երկրորդ. ինչպես եւ պնդում էինք, հայ - թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով: Երրորդ. առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG