Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ի մամուլ


Հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարության կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը նշում է. - «Երեկ ուշ երեկոյան տարածած համատեղ հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ տարածվեց Սերժ Սարգսյանի՝ BBC-ին տված հարցազրույցից անմիջապես հետո: Իսկ BBC-ի թղթակցի հետ զրույցում Սարգսյանը խոսել էր հենց Թուրքիայի հետ հարաբերությունների մասին եւ դժգոհություն էր հայտնել, որ Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որ մինչ օրս թուրքական կողմը չի կատարել: Հայտարարությանը նախորդել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցը, որ տեղի է ունեցել Քլինթոնի նախաձեռնությամբ եւ նվիրված է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Երեկ հայտնի է դարձել նաեւ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը առաջիկայում մեկնելու է Բաքու, որտեղ կրկին քննարկելու է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Այսինքն՝ առաջիկա վեց շաբաթվա ընթացքում շատ կարեւոր զարգացումներ են սպասվում հայ-թուրքական ճակատում: Մինչդեռ պաշտոնական մակարդակներով բազմիցս հնչած փաստը, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը փոխկապակցված են, ու եթե Սերժ Սարգսյանի՝ «Թուրքիան չի կատարում պայմանավորվածությունները» նախադասությունից մի քանի ժամ անց համատեղ հայտարարություն է տարածվում կոնկրետ ժամկետով եւ գործողությամբ, ապա ամեն ինչ շատ լուրջ է: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիային պայմանավորվածությունները դրժելու մեջ մեղադրելը վերջին հնարավորությունն է եղել Լեռնային Ղարաբաղի հարցում իր կնքած պայմանավորվածություններից հրաժարվելու համար: Սակայն անմիջապես էլ գործին միջամտեց ԱՄՆ-ի պետքարտուղարը, սահմանվեց կոնկրետ գործողություն եւ վեցշաբաթյա ժամկետ: Ուստի, Սերժ Սարգսյանին մնում է կատարել իր խոստումները՝ գնալ Թուրքիա (եռակողմ հայտարարության մեջ նշված երկու արձանագրությունները բավարար են հայտարարելու համար, որ երկու երկրները սահմանի բացման նախաշեմին են), ապա նաեւ ստորագրել Լեռնային Ղարաբաղի հարցով մեծ համաձայնագիրն ու սպասել, որ Թուրքիան իր խոստումը վերջնականապես կատարի, այսինքն՝ բացի սահմանը»:

«Իրավունքը de facto» թերթը լուծարված փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին հետեւյալ հարցն է ուղղում. - «Չորրորդ զեկույցի հետ հրապարակվեցին կոնկրետ անձանց անուններ, որոնց ենթակայության տակ գտնվող մարդիկ եղել են դեպքի վայրում ու, չի բացառվում, նաեւ կրակել են: Ինչպե՞ս եք այդ փաստը գնահատում»: Քոչարյանը պատասխանում է. - «Իրավապահ մարմինները չեն ուզում ընդունել նույնիսկ ակնհայտ փաստերը, օրինակ, որ տեսաժապավենում երեւացող մեքենայի մեջ զինված մարդիկ իրենք են, թեպետ օրը, ժամը, մեքենայի համարը ֆիքսված են։ Մեզ տրված նյութերով ժամը 18-ից հետո է որոշվել ավտոմատներ բաժանել: Բայց կադրերում կան ինչ-որ ավտոմատներով խմբեր, որոնց պատկանելությունը համապատասխան կառույցները հերքում են: Եթե իրենք չեն, ովքե՞ր են` այս հարցերը եւս պիտի դառնան քննարկման առարկա: Մեծ աղմուկ բարձրացավ մի փաստաթղթի շուրջ, որի հիման վրա փորձում էինք անակնկալ ստուգումներ իրականացնել, բայց չկարողացանք. մեզ խոչընդոտեցին: Այդ անուններն էլ նոր չեն հնչել, կային բազմաթիվ տեղեկություններ, որոնք ոչ հաստատվել, ոչ հերքվել են: Օրինակ, շատ էր խոսվում, որ երեկոյան Մելիք-Ադամյան փողոցում «Կամազ» է կանգնած եղել, որտեղից զինվորական համազգեստ է բաժանվել: Ես դա կարող եմ բամբասանք գնահատել, բայց երբ փաստահավաք խումբը փորձեց ճշտել, խոչընդոտներ հարուցվեցին: Փաստահավաք խմբի նյութերի ընդունման-հանձնման ժամանակ չորրորդ զեկույցում եղած այդ նյութերը փոխանցվել էին Ազգային ժողովի հանձնաժողովին, և դեռ այն ժամանակ նրանք պարտավոր էին դրանք ուսումնասիրել»:

Նույն թեմայի շրջանակում «Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Որպես կանոն, մեր հասարակությունը հակված է հավատալ ընդդիմության բերած փաստերին՝ մոտավորապես այն տրամաբանությամբ, որով հասարակական տրանսպորտով տեղափոխվող մարդը վստահ է, որ ցանկացած «ջիպավոր» սրիկա է եւ ավազակ: Կոնկրետ «փաստահավաք» ընդդիմադիրների ասածների նկատմամբ հավատը հատկապես մեծ է՝ ոչ միայն վերը բերված ընդհանուր տրամադրվածությունից ելնելով, այլեւ շատ կոնկրետ պատճառով: Մարտի 1-ի իրադարձությունները տարբերվում են Հայաստանում եւ ամբողջ աշխարհում տեղի ունեցած ցուցարարների եւ իրավապահների բախումների մեծ մասին նրանով, որ արդյունքում զոհվել է 10 հոգի: Հետեւաբար, քննչական մարմնի ամենահիմնական գործը պետք է լիներ այդ սպանությունների բացահայտումը: Մեկուկես տարում Հատուկ քննչական ծառայությունը դա չի արել: Այդ ֆոնի վրա ՀՔԾ-ի գնահատականները, քննադատությունը, «առարկությունները»՝ ուղղված Փաստահավաքի ընդդիմադիր անդամների զեկույցին, ոչ մի կոպեկի գին չունեն: Բացահայտե'ք մարդասպաններին, կանգնեցրե'ք նրանց դատարանի առաջ եւ հետո ասեք՝ այսինչը սխալ է, այսինչը ստում է, իսկ այնինչը զառանցում է: Քանի դա չի արվել, ցանկացած ընդդիմադիր, լրագրող կամ քաղաքացի իրավունք ունի ներկայացնելու իր փաստերը, գնահատականները, վարկածները: Մեղավորն այստեղ ՀՔԾ-ն է եւ նրանք, ովքեր հրամայում են նրանց այս հանցագործությունը չբացահայտել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG