Մատչելիության հղումներ

Օգոստոսի 27-ի մամուլ


Lragir.am-ը զրուցել է Դավիթ Շահնազարյանի հետ, ով 1992-94 թվականներին լինելով Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը` զբաղվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերով եւ հայ - թուրքական հարաբերությունների խնդիրներով: Լրագրողը հարցնում է. - «Այսօր շատ է խոսվում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին, եւ շատ է քննարկվում, թե որ երկրները պետք է զորքերը տեղակայեն: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին»: Պատասխան. - «Առայժմ որեւէ նշան չկա, որ լինելու են խաղաղապահներ, ես նկատի ունեմ զինված խաղաղապահներ: Ընդհակառակը, կարծես թե պայմանավորվածություն կա, որ տեղակայվելու են անզեն խաղաղապահներ, այսինքն` միջազգային դիտորդներ: Կարծում եմ, որ սա Հայաստանի կողմից շատ լուրջ զիջում է, քանի որ միջազգային խաղաղապահ զինված ուժերի ներկայությունն անհրաժեշտ է որպես ռազմական երաշխիք` Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար»: Հարց. - «Իսկ Ձեր կարծիքով, ո՞ր երկրները պետք է խաղաղապահ ուժեր տեղակայեն»: Պատասխան. - «Հայաստանի իշխանությունները պետք է պնդեն, որ անպայման խաղաղապահ ուժեր տեղակայվեն, ոչ միայն դիտորդներ: Եվ այդ դեպքում պետք է այստեղ խաղաղապահ ուժեր տեղակայեն այն երկրները, որոնք ուղղակի շահեր չունեն տարածաշրջանում»:

«168 ժամ»-ի թղթակցի հետ զրուցել է Ազգային ժողովի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Անդրադառնալով առաջիկայում հրապարակվելիք զեկույցին` նա ասել է. - «Հանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն հայտարարելու խնդրին, դրա հետ կապված պետական մարմինների գործողություններին: Հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի հարցը, թե ճի՞շտ ժամանակին է հայտարարվել արտակարգ դրությունը, արդյո՞ք դա ուշացած չէր: Ես իմ մասնավոր կարծիքը ունեմ` գտնում եմ, որ ճիշտ կլիներ, եթե արտակարգ դրությունը ավելի շուտ հայտարարվեր: Միգուցե այդ դեպքում հետեւանքներն ավելի մեղմ լինեին»: «Պատկերացնելու համար, թե ինչպիսին է լինելու այդ զեկույցը, թերեւս, բավական է Սամվել Նիկոյանի այն կարծիքը, ըստ որի` արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանը իրավաչափ էր», - գրում է թերթը: «Ուրիշ բան է, որ մենք քննության առարկա դարձնենք դրա տեւողության, մամուլի ազատության հարցերը: Բայց քանի որ ժամանակի ընթացքում մեղմացվում էին դրա կիրառման որոշ կետեր, կարծում եմ, որ հանձնաժողովը նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ իրավաչափության խնդիր չի տեսնում», - ասել է Սամվել Նիկոյանը:

«Գոլոս Արմենիի»-ն, քննարկելով Ազգային ժողովում լրագրողների աշխատելու նոր կարգը, գրում է. - «Համաձայն լրագրողների համար նոր կանոնակարգի, մեր պատգամավորները իրենց խիստ հոգնեցնող մամուլից շունչ քաշելու որոշակի հնարավորություն են ստանում: Հետաքրքրասեր լրագրողներն արդեն հաշվել են, որ ամսվա մեջ շուրջ երկու շաբաթ պատգամավորները իրենք իրենց թողնված կլինեն, այսպես ասած դժվարին պատգամավորական ճակատագրի քմահաճույքին: Վա՞տ է դա, թե՞ լավ: Պատգամավորների համար, իհարկե, լավ է, եւ մեծ հաշվով նման որոշման համար նրանք խոսնակ Հովիկ Աբրահամյանին պետք է մաղարիչ անեն: Սակայն արդյոք դա չափազանց վտանգավոր չէ՞ հասարակության համար` մեր պատգամավորներին առանց լրագրողների վերահսկողության թողնել ամսվա մեջ ամբողջ երկու շաբաթ: Չէ որ անհրաժեշտ է մշտապես աչքը մեր պատգամավորների վրա պահել` հանկարծ մի բան չպատահի»:

«Առավոտ»-ը գրում է. - «Երբ մոտ 4 տարի առաջ դանիական թերթերից մեկը ծաղրանկար էր տպագրել Մուհամեդ մարգարեի վերաբերյալ, ողջ իսլամական աշխարհը պահանջում էր Դանիայի Թագավորությունից, որ վերջինս ներողություն խնդրի: Ավելի փոքր մասշտաբով նման մի միջադեպ տեղի ունեցավ օրերս: Շվեդական թերթը տեղեկատվություն էր տարածել, որ իսրայելցի զինվորականները առեւանգում ու սպանում են պաղեստինցիներին` օրգանների փոխպատվաստման նպատակով: Ի պատասխան` Իսրայելի արտգործնախարարությունը պահանջ ուղղեց Շվեդիայի Թագավորությանը` դատապարտել թերթի հոդվածը: Երկու դեպքում էլ պետությունները (Դանիան եւ Շվեդիան) փորձեցին հասկացնել բողոքավորներին, որ իրենք մասնավոր թերթերի հրապարակումների համար որեւէ պատասխանատվություն չեն կրում: Բացառված է, որ Դանիայում կամ Շվեդիայում լրագրողներին իրենց մասնագիտական աշխատանքի համար պետական պարգեւներ տան, հնարավոր չէ, որ նման երկրներում գոյություն ունենա «վաստակավոր լրագրողի» (երգչի, նկարչի, արտիստի) կոչում: Պետությունը չպիտի որոշի` ես լավ եմ գրում, թե վատ: Բայց եթե ես որեւէ մեկին վիրավորել եմ կամ զրպարտել, պետությունը չպիտի իմ փոխարեն ներողություն խնդրի կամ հանդես գա դատապարտող հայտարարություններով»:

«Ազգ»-ը իր խմբագրականում գրում է. - «Հայաստանի ներկա պայմաններում, որտեղ հասարակության քաղաքական բեւեռացումը մի կողմից, եւ զանգվածային լրատվության միջոցների՝ քաղաքական ու տնտեսական շրջանակներից կախվածությունը մյուս կողմից, ստեղծում են անհաշտ այնպիսի մթնոլորտ, որտեղ հանրօգուտ աշխատանքի ու նախաձեռնության ամեն մի ցանկություն, լինի կառավարական, ինքնակառավարման թե այլ մակարդակով, զսպվում-խեղդվում է դեռեւս սաղմնային վիճակում: Բարի ցանկությունները հաճախ փշրվում են կասկածամտության պատին խփվելիս եւ բարիք ցանկացողները երբեմն թեւաթափ են լինում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG