Մատչելիության հղումներ

Նորայր Ղալումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը


Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը երկուշաբթի օրը հայտարարություն է ներկայացրել Սանտա Անայի դաշնային դատարան` հրաժարվելով ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով դատախազ Սենդի Լիլին, իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել նաեւ գործով անցնող մյուս 4 ամբաստանյալները:

Միացյալ Նահանգների ներգաղթային եւ մաքսային ծառայության պաշտոնյաները Ղալումյանին եւ մյուսներին մեղադրում են արտաքսման ենթակա իմիգրանտներին կեղծ նամակներ վաճառելու մեջ, որոնք խոչընդոտել են, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը իմիգրանտներին ետ ուղարկի Հայաստան: Ըստ նույն աղբյուրի` նման նամակներ ձեռք բերած ներգաղթյալներից շատերը դատապարտված են տարբեր հանցագործությունների համար` սկսած ընտանեկան բռնությունից մինչեւ սպանություն:

52-ամյա Նորայր Ղալումյանը, ով Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսի պաշտոնը զբաղեցրել է 1999-2003 թվականներին, ձերբակալվել էր անցած ամիս, ապա ազատ արձակվել գրավի դիմաց:

Գործով անցնող մյուս ամբաստանյալներն են` հյուպատոսության նախկին աշխատակից Հակոբ Հովհաննիսյանը, ներգաղթի հարցերով զբաղվող փաստաբան Մարգարիտա Մկրտչյանը, ինչպես նաեւ Օգանես Նարդոսը եւ Էլվիս Մադաթյանը:

Ղալումյանի եւ մյուսների դատը նշանակված է հոկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG