Մատչելիության հղումներ

Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 25-ին


Օգոստոսի 20-ին Աֆղանստանի պատմության մեջ երկրորդ անգամ անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 25-ին, իսկ վերջնական արդյունքները՝ սեպտեմբերի 17-ից ոչ շուտ:

Երկրի նահանգներում քվեների հաշվարկը մոտենում է ավարտին, եւ նախնական արդյունքներով գործող նախագահ Համիդ Քարզայը առաջատարն է Աֆղանստանի արեւելքում եւ հարավում, իսկ հյուսիսային շրջաններում առաջ է անցել նրա հիմնական մրցակիցը՝ նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան:

«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսզի հնարավորինս շուտ հայտնի դառնան նախագահի եւ նահանգային խորհուրդների անդամների ընտրությունների արդյունքները», - շաբաթ օրը ասել է Անկախ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Դաուդա Նաջաֆին, ով, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, չի բացառել երկրորդ փուլի անցկացումը:

Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Մորիլոնը այսօր ասել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են «լավ եւ արդար, բայց ոչ ամենուր ազատ»:

Մորիլոնը Քաբուլում լրագրողներին ասել է, թե «չի կարելի ազատ անվանել ընտրությունները երկրի որոշ հատվածներում, քանի որ այդտեղ բռնություններ ու ահաբեկումներ են եղել»: Նա հավելել է, որ ընտրությունները բոյկոտելու թալիբների կոչը ուղեկցվել է ավելի հաճախակի դարձած հարձակումներով, որոնց արդյունքնում զոհվել ու վիրավորվել են քաղաքացիական անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG