Մատչելիության հղումներ

Օգոստոսի 19-ի մամուլ


«Առավոտ» օրաթերթից տեղեկանում ենք. - «Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը բողոքով դիմել է գլխավոր դատախազին։ Առիթը ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանն է։ Ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, վերջերս «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի մասնագիտական գործողությունները խոչընդոտվել է ոստիկանապետի կողմից՝ Գարեգին Նժդեհի փողոցում։ Շիրակ Շահնազարյանը եւ ոստիկաններից մեկը՝ տեսնելով, որ ժողովուրդ է հավաքվել մարզպետարանի դիմաց, փակել են տեսախցիկի օբյեկտիվը, վերցրել տեսախցիկը, նույնիսկ ասել. - «Ստեղ նկարելու կադրեր չկան»։

«Հայոց Աշխարհ» թերթում կարդում ենք. - «Վերջերս լույս տեսավ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հուշերի գիրքը, որտեղ բացասական է գնահատվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը։ Այս կապակցությամբ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանը երեկ ասաց. «Ինչ վերաբերում է գրքում առկա այլ գնահատականներին, որ տալիս է պրն Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանին եւ նրա կառավարման տարիներին, ապա դրանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն օբյեկտիվ չէ, այլեւ լցված է ակնհայտ ատելությամբ ու չարությամբ։ Անկեղծ, չեմ կարողանում վեր հանել դրա պատճառը։ Ցավով պիտի արձանագրեմ, որ նման գործելակերպը բնորոշ է միայն խորապես ապերախտ մարդկանց։ Չէ՞ որ հենց նախագահ Քոչարյանի հրամանագրի շնորհիվ տարիներ առաջ պրն Հարությունյանը ժամանակավորապես լքեց քաղաքական «արխիվը»: Եվ պիտի որ հիշատակեր նախագահի անունը բացառապես շնորհակալության զգացումով»:

Անդրադառնալով ռուսաստանյան «Օ-Էռ-Տե» հեռուստաալիքով վերջերս հեռարձակվող աղմուկ հանած «Ամենակարող Ռուբիկ» ծրագրին՝ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - ««Գլամուրային հայի» կերպարը այդ հաղորդաշարում մարմնավորում է «Շարմ» ընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Հիշեցնենք, որ «Շարմ»-ը հենց այն ընկերությունն է, որին 2002-ին Ռոբերտ Քոչարյանն ու Գրիգոր Ամալյանը օգտագործել են «Ա1+»-ը եթերազրկելու համար: Այս տարիների ընթացքում «Շարմ»-ը բազում այլ ծառայություններ է մատուցել իշխանավորներին՝ բնականաբար, բիզնեսում «պրախոդ» ստանալու համար, իսկ «Ուրախների եւ հնարամիտների» Բժշկական ինստիտուտի իրոք շատ լավ թիմի մասին ռետրոսպեկտիվ հաղորդումը, որը նույնպես մի քանի ամիս առաջ սփռվել էր «Օ-Էռ-Տե»-ով, պարոն Ջաղինյանը եւ նրա ընկերները օգտագործել են «ցրտի ու մթի մասին» իշխանական քարոզչության «կրկներգը» հնչեցնելու համար: Այդ ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ «Ամենազոր Ռուբիկը» նույնպես հայաստանյան PR-շչիկների նախագիծն է, որի նպատակն է գնել «Օ-Էռ-Տե»-ի թանկարժեք ժամանակը եւ «բարձրացնել հայի կերպարը». իբր տեսեք, թե ինչ «աստղերի» հետ է կարողանում շփվել հայկական ընտանիքը: Էֆեկտը ճիշտ հակառակն է ստացվում, եւ պատճառը, կարծում եմ, հետեւյալն է. միջին հայկական ընտանիքը թե' Երեւանում եւ թե' Մոսկվայում իր ինտելեկտով, մտահորիզոնով, շնորհքով շատ ավելի բարձր է, քան ռուսաստանյան ցանկացած «աստղ», եւ մենք բացարձակապես կարիքը չունենք նրանց շողոքորթելու եւ նրանց հետ ծանոթությամբ պարծենալու: Եթե հնարավորություն կա ռուսաստանյան եթերը գնելու, ապա ես կառաջարկեի մեր ազգը մեծարելու շատ ավելի արդյունավետ ճանապարհ. 20-րդ դարում ապրել են բազմաթիվ նշանավոր հայեր՝ արվեստագետներ, գիտնականներ, պետական գործիչները, սպորտսմեններ: Գուցե իմաստ ունի փող ծախսել եւ հաղորդումներ պարտաստել նրա՞նց մասին՝ ոչ թե իրենց հարստությունից զարմացած «չտեսների»»:

«ժամանակ» թերթի մեկնաբանն անխնա քննադատության է ենթարկում Մադրիդյան սկզբունքներն ու այդ սկզբունքների կողմնակիցներին. - «Համանախագահող երեք երկրների ղեկավարների կողմից Մադրիդյան սկզբունքների հրապարակումը, բնականաբար, ցանկացած ողջամիտ հայի կողմից պիտի սվիններով ընդունվեր ու լուրջ քննադատության ենթարկվեր: Տարօրինակ է, բայց Հայաստանում ի հայտ է եկել իրեն հայ համարող անձանց մի խումբ, որը լծվել է այդ սկզբունքների գովազդման գործին: Ակնհայտորեն մեկ կենտրոնից ղեկավարվելով` Սերժ Սարգսյանի մանկլավիկները հայտարարում են, թե Մադրիդյան սկզբունքները նպաստավոր են Հայաստանի համար, իսկ ազատագրված տարածքները, ի՞նչ է եղել որ, պետք է վերադարձնել: Մադրիդյան սկզբունքները քարոզելու հիմնական դերը վերապահված է, այսպես կոչված, Հանրային խորհրդին, որն իր բանուգործը թողած, վերջին անգամ համաներման մասին ինչ-որ դատողություններ անելուց հետո, ամբողջությամբ լծվել է Մադրիդյան սկզբունքների գովազդմանը: Դրա առաջին «ծիծեռնակը» դարձան ոչ անհայտ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ու Հանրայինի հանձնաժողովներից մեկի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, որոնք ազդարարեցին, թե սկզբունքները ամենանպաստավորն են, որ կարող են լինել»:

Մինչդեռ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս տրամաբանության մասին «Հայք» թերթի հետ զրույցում բոլորովին այլ գնահատական է հնչեցնում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը. - «17 տարվա մեջ առաջին անգամ միջնորդները եւ կողմերը հստակ պատրաստ են ընդունելու, որ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի ճանապարհով հռչակելու իր իշխանությունը: Նրանք եկել են այդ փաստի արձանագրմանը եւ շատ զուսպ բառերով գրել են. «Կամարտահայտության ձեւ՝ պարտադիր իրավական հետեւանքներով»: Երբ մենք սա կարդում ենք, հստակ հասկանում ենք այն հանրաքվեն, որ երկու անգամ Ղարաբաղի հայությունն արել է, մեկը՝ 1991, մյուսը՝ 2008 թվականին: Սակայն հարց է ծագում՝ արժե՞ հանրաքվե անել երրորդ անգամ: Իմ կարծիքով, եթե միջազգային հանրությունը գտնում է, որ ինչ-որ իրավական վերահսկողության տակ պետք է հանրաքվե անել, որպեսզի դրանց իրավական հետեւանքները ձեւակերպվեն թղթի վրա, ապա այդտեղ այլեւս խնդիր չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG