Մատչելիության հղումներ

Վրաստանում նվազում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հաստատման կողմնակիցների թիվը


«Գելափ» կազմակերպության Վրաստանում տեղակայված մասնաճյուղի՝ այս տարվա մայիսին անցկացրած հարցմամբ ընդգրվածների 47 տոկոսը կարծում է, որ բոլոր դեպքերում Վրաստանը պետք է լավ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ: Անցյալ տարի հունիսին՝ այսինքն մինչեւ պատերազմական գործողությունները, հարցման ենթարկվածների 64 տոկոսն էր նույն հարցին պատասխանել, որ երկու երկրների միջեւ լավ հարաբերություններ պետք է հաստատվեն:

Այս տարի հարցվածների 37 տոկոսի կարծիքով, Վրաստանը պետք է չափազանց սկզբունքային լինի Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մինչդեռ անցյալ տարի միայն 21 տոկոսն էր այդպես կարծում:

Ավելացել է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ խորհրդային տարիներին «մեծ եղբայր» անվանվող երկրի հետ հարաբերությունները պետք է դադարեցվեն: Նախորդ տարվա 1 տոկոսի փոխարեն այս տարի հարցվածների 5 տոկոսն է կողմ Ռուսաստանի հետ հարաբերությունների դադարեցմանը:

Նույն սկզբունքով հարցման ենթարկված ռուսաստանցիների գերակշռող մասը՝ 55 տոկոսը, կարծում է, որ Ռուսաստանը խիստ սկզբունքային պետք է լինի Վրաստանի հետ հարաբերություններում: Եվ միայն 15 տոկոսն է կողմ, որպեսզի լավ հարաբերություններ հաստատվեն: 10 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ընդհանրապես դադարեցնի Վրաստանի հետ հարաբերությունները:

Այս տարի հուլիսի վերջին Ռուսաստանի տարբեր շրջանների 140 բնակավայրերում անցկացված հարցումների արդյունքում, Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնը պարզել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան երկու անգամ ավելացել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր կարծում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական հարաբերություններ չեն կարող հաստատվել, քանի դեռ Միխեիլ Սահակաշվիլին է Վրաստանի նախագահը: Եթե 2004 թվականին անցկացված հարցման արդյունքներով ռուսաստանցիների միայն 32 տոկոսն էր այդպես կարծում, ապա այս տարի հուլիսին 78 տոկոսն է հայտարարել, որ Սահակաշվիլիի օրոք հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ:

Եթե հինգ տարի առաջ նույն կենտրոնի սոցիոլոգների հետազոտությունները ցույց էին տվել, որ ռուսաստանցիների 40 տոկոսը հույս ուներ, որ Սահակաշվիլիի օրոք հնարավոր է բարեկամական հարաբերությունների հաստատում, ապա այս տարի հարցվածների միայն 14 տոկոսն է այդպես կարծում:

«Գելափ»-ի սոցիոլոգները առաջադրած հաջորդ հարցով փորձել են պարզել, թե ԱՊՀ անդամ որ երկրների հետ կարող է Վրաստանը մոտ հարաբերություններ հաստատել: Արդյունքների համեմատությունը նախորդ տարվա տվյալների հետ վկայում է վերաբերմունքի եւ վստահության էական տարբերության մասին: Եթե անցյալ տարի հարցվածների 57 տոկոսն էր նախապատվությունը տվել Ռուսաստանին, ապա այս տարի՝ միայն 32 տոկոսը: Աճել է Ուկրաինայի հետ լավ հարաբերություններ հաստատելու կողմնակիցների թիվը՝ անցյալ տարվա 13-ի փոխարեն հասնելով 22 տոկոսի: Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցներին թիվը նախորդ տարվա 5 տոկոսից հասել է 12 տոկոսի: Շատ չնչին, բայց ավելացել է նաեւ Հայաստանի հետ լավ հարաբերությունների հաստատման կողմնակիցների թիվը. 3 տոկոսից հասել է 4-ի:

«Գելափ»-ի տվյալներով, հետպատերազմյան շրջանում վրացիներն ավելի շատ են հակված Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լավացմանը: Եթե 2008-ին հարցվածների միայն 14 տոկոսն էր կարծում, թե ավելի լավ է Եվրամիության հետ մոտ հարաբերություններ հաստատել՝ եթե անգամ դա կարող է վնասել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններին, ապա 2009-ին դրանց թիվը գրեթե երկու անգամ ավելացել է՝ հասնելով 27 տոկոսի: Նույն սկզբունքով ավելի քան երկու անգամ ավելացել է նաեւ Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ հաստատելու կողմնակիցների թիվը. 2008-ի 11 տոկոսի փոխարեն 24 տոկոսն է նման կարծիք հայտնել:

Ռուսաստանյան «Լեւադա» կենտրոնի հարցման արդյունքներով, Եվրամիության վերաբերյալ դրական կարծիք են հայտնել հարցվածների 61, իսկ Միացյալ Նահանգների առնչությամբ՝ 47 տոկոսը:

Ըստ վերջերս հրապարակված հարցման արդյունքների, «Լեւադա» կենտրոնի մասնագետները պարզել են նաեւ, որ արդեն մի քանի տարի է Միացյալ Նահանգների նկատմամբ բացասական վերաբերմունքն աճում է: Այդուամենայնիվ, ըստ վերլուծական կենտրոնի, Ռուսաստանում ամենից շատ հակակրանք ունեն Վրաստանի եւ Ուկրաինայի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG