Մատչելիության հղումներ

Օգոստոսի 8-ի մամուլ


«Հրապարակ»-ը փոխանցում է իրավաբան Հրայր Թովմասյանի գնահատականները եւ սահմանումները հասարակություն երեւույթի եւ այն կազմող բաղկացուցիչների` մարդկանց մասին. - «Հասարակության անդամներին նա տեսակավորել է այսպես. սրիկաներ, որոնք կողոպտում եւ կեղծում են, խեղճեր, որոնց կողոպտում եւ խաբում են, եւ գաղափարակիրներ, որոնք հասարակության առաջ մղող ուժն են: Եվ մեր հասարակության ստագնացիան բացատրվում է հենց գաղափարակիրների բացակայությամբ, որոնք, Թովմասյանի կարծիքով, կամ չկան, կամ տարագրվել են երկրից»: Ապա թերթը մեկնաբանում է. - «Իրոք, յուրաքանչյուր հասարակություն կանգնած է գաղափարական մարդկանց վրա, նրանք են, որ հասարակության շարժիչ ուժն են, գաղափարների գեներատորը, ազգի առաջ ծառացած խնդիրների լուծման բանաձեւեր գտնողները: Նրանց բացակայությունը թանկ է նստում հասարակության եւ պետության վրա, քանզի մնացած բոլորը զբաղված են հացի խնդիր լուծելով: Ինչ վերաբերում է օրենքներիին, ապա դրանց առաջին խումբը, ըստ Թովմասյանի, միջազգային օրենսդրությունից արտագրվածներն են` նորաձեւությունից ետ չմնալու միտումով, երկրորդ խումբը քաղաքական պոպուլիզմից ծնվածներն են, եւ սակավաթիվ օրենքներ ընդունվել են օբյեկտիվ անհրաժեշտությունից դրդված»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ընդդիմությունն արդեն գրեթե երկու կրկնում է` «մեր շարժումն անկասելի է, հաղթելու ենք»: Էհ, հաղթեք, չուզողը թող ես լինեմ: Եվս մեկ անգամ ստացեք ձեր «կայֆը» մարդկանց վրա իշխելուց, հասարակ մահկանացուներին վերեւից ներքեւ նայելուց եւ նոմենկլատուրային «կաստային» պատկանելուց: Ստեղծեք նոր օլիգարխներ կամ (որն ավելի հավանական է) «հարմարեցրեք» ձեզ արդեն եղածներին: Բայց սկզբից հաղթեք, որովհետեւ ձեր «աղոթքների» ապառնի ժամանակը հիշեցնում է Երկրորդ Գալստյան մասին աստվածաշնչյան կանխատեսումները: Թույլ տվեք, ի դեպ, ես անեմ իմ համեստ կանխատեսումը: Անկախ նրանից` կլինի իշխանափոխություն, թե չէ, հաջորդ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում բռնություններ եւ լցոնումներ չեն լինի. ընտրողները, քաղաքացիները այնքան վախեցած եւ կաշառված կլինեն, որ այդ խախտումների կարիքը չի զգացվի»:

«Ժամանակ» թերթի կարծիքով` Ղարաբաղի խնդրում աշխարհաքաղաքական շահերի բազմազանությունը «գործնականում անհնար է դարձնում որեւէ այլ համաձայնություն, քան պարզապես գործընթացը շարունակելու համաձայնությունը»: «Այսինքն` չկա ամեն գնով խնդիրը կարգավորելու որոշում: Պարզապես ներգրավված ամեն կողմ փորձում է անել իր համար նպաստավորին հասնելու հնարավորը: Այդ իմաստով, թերեւս, մոլորություն է կարծել, որ դրված է Ղարաբաղի խնդիրն ամեն գնով կարգավորելու հարց: Դրա համար պետք է լինի աշխարհաքաղաքական տեսանելի եւ անտեսանելի ներգրավված բոլոր կենտրոնների համաձայնությունը: Բայց այդ համաձայնությունը չի կարող լինել, քանի որ ամեն ոք ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր պատկերացումը, եւ այդ պատկերացումները հիմնված չեն մարդասիրական եւ խաղաղասիրական ձգտումների վրա, այլ թելադրվում են այդ կենտրոնների շահով, որը, բարեբախտաբար, պարզապես համընկնում է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու եւ Ղարաբաղի հարցում պատերազմ չվերսկսելու առումով: Դա բավական արժեքավոր համաձայնություն է, որ կա գերտերությունների միջեւ»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, համեմատություններ անելով խորհրդային ժամանակների եւ այսօրվա մտավորականների, հասարակության հատկապես այդ շերտի դավանած արժեքների միջեւ, գրում է. - «Խորհրդային իշխանության օրոք մտավորականությունը վերածվեց երկրի ճակատագիրը նախորոշող հզոր դասակարգի։ Այդ դասակարգին պատկանելությունը, սակայն, սոցիալիզմի օրոք իրականացվում էր ոչ թե արտադրական ուժերի, իշխանության, սեփականության հետ առնչությամբ (այդ առումով խորհրդային բոլոր դասակարգերը փոքրիշատե հավասարեցված էին), այլ միանգամայն ուրիշ բանով. հասարակական դերով, հոգեւոր արտադրանքով, կարգավիճակով։ Սակայն նոր ժամանակներ՝ նոր երգեր։ Այսօրվա հասարակական շինարարությունն ունի միանգամայն այլ խնդիրներ ու հիմնավորումներ։ Հասարակության գնահատանքը կյանքում հաջողակ լինելու չափորոշիչներով, մարդկանց դասակարգումն ըստ վաստակի մակարդակի, նշանակում է, ոչ ավելի, ոչ պակաս, սոցիոլոգիական պարադիգմայի փոփոխում։ Այսօր մեզ կոչ են անում մտածել բացառապես նյութական կատեգորիաներով, մեզ պարտադրում են հասկացություններ, որոնք ոչ թե արտացոլում են մարդու հասարակական դերը, այլ միայն բնորոշում նրա ունեցվածքը։ Եվ բուն ունեցվածքն արդեն հավակնում է մարդկային անհատի, նրա հաջողության, նրա կարեւորության չափանիշի դերին եւ այլն։ Մեր աչքի առաջ տեղի է ունենում ինչ-որ վերացական միջին խավի մեջ մտավորականությանը տարրալուծելու փորձ, որն ըստ էության ընդհանրապես ոչ մի խավ էլ չէ, այլ իրենից ներկայացնում է ընդամենը հասարակական ստրատա՝ ունեցվածքային ցենզով»։ «Այսպիսով, մտավորականությունը՝ որպես այդպիսին, հետզհետե զրկվում է իր պատվանդանից, վերածվում ամորֆ, բացարձակ անպետք զանգվածի», - եզրակացնում է հոդվածագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG