Մատչելիության հղումներ

Ամերիկացի համանախագահը «ֆունդամենտալ կերպով համաձայնեցված» է համարում հիմնարար սկզբունքները


«Բոլոր հիմնարար սկբունքները ֆունդամենտալ կերպով համաձայնեցված են, սակայն մանրամասները դեռ քննարկման կարիք ունեն», - ադրբեջանական APA գործակալության հետ հարցազրույցում չորեքշաբի օրը ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Հարցին, թե որքանով «ֆունդամենտալ» են եղել Կրակովում համանախագահների կողմից «Մադրիդյան սկբունքներ»-ում կատարած փոփոխությունները, Բրայզան պատասխանել է, թե «որեւէ լուրջ փոփոխություն իրենք չեն կատարել»:

«2007 թվականի նոյեմբերից, այսինքն այն ժամանակից ի վեր, ինչ մենք ներկայացրել ենք Մադրիդյան փաստաթուղթը, մենք ուշադիր լսել ենք այն ամենը, ինչ ասվել է: Մենք վերլուծել ենք այն ամենը, ինչ ասել է երկու նախագահներից յուրաքանչյուրը, ինչպես նաեւ՝ բանակցությունների ընթացքում նրանց ակնկալիքները, ինչից հետո մենք դրանք ընդհանրացրել ենք եւ մեր կողմից արել ենք լավագույն առաջարկները, թե ինչպես կարող են հարթվել երկու կողմերի միջեւ մնացած տարաձայնությունները: Այսպիսով, սրանք հիմնարար փոփոխություններ չեն: Սակայն դրանք կոսմետիկ փոփոխություններ էլ չեն: Դրանք կարելի է անվանել փորձ՝ վերացնելու այն հակասությունները, որ մնացել են վերջին 13 ամիսների ընթացքում Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ ինտենսիվ բանակցությունների արդյունքում», - ասել է Մեթյու Բրայզան:

«Նման բարձր մակարդակով ուշադրություն այս խնդրին երբեք չի ցուցաբերվել», - շարունակել է Բրայզան՝ նկատի ունենալով Մինսկի խմբի երկրների նախագահների համատեղ հայտարարությունը: - «Ես հպարտ եմ, որ մենք կարողացել ենք ապահովել նման բարձր մակարդակի ներգրավվածություն: Կարծում եմ՝ դա մեծ ազդեցություն կունենա առաջընթացի վրա: Կարծում եմ, որ [Հայաստանի եւ Ադրբեջանի] նախագահները, հակամարտությանը ուշադրություն դարձնելով, ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել: Մենք բանակցությունների նոր փուլ ենք մտել: Նոր փուլը կապահովի հիմնարար սկզբունքների շուրջ մնացած անհամաձայնությունները հարթելը, իսկ համանախագահ երկրների ղեկավարները ցանկանում են, որ բանակցությունների մասնակից կողմերը տրամադրվեն վերջնական արդյունքի հասնելուն»:

Բանակցությունների այս փուլում «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներգրավմանը» մասին հարցին Մեթյու Բրայզան պատասխանել է, թե հնարավոր չէ երկարաժամկետ խաղաղության հասնել «առանց հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի կարծիքը հաշվի առնելու»:

«Ակնհայտ է, որ Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների կարծիքները պետք է արտացոլվեն վերջնական համաձայնության մեջ, կամ համաձայնությունը չի ստացվի», - ասել է Բրայզան: - «Հետեւաբար դա պետք է արվի: Այժմ դա արդեն տեղի է ունենում ոչ պաշտոնապես, երբ համանախագահները այդքան ժամանակ են անցկացնում Ղարաբաղում բանակցություններ վարելով: Ես հույս ունեմ հանդիպել նաեւ Ղարաբաղի ադրբեջանցիներին՝ Բաքու կատարելիք իմ հաջորդ այցի ժամանակ: Իսկ պաշտոնապես Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին պետք է համաձայնեցվի Երեւանի եւ Բաքվի միջեւ: Հիշում եք, որ մինչեւ 1998 թվականը Ղարաբաղի հայերը ներգրավված էին բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Հայաստանի նախկին իշխանությունները որոշեցին, որ այսուհետ իրենք են բանակցելու Ղարաբաղի անունից: Սա Հայաստանի կայացրած որոշումն էր, եւ այդ որոշումը փոխելու համար փոխադարձ համաձայնություն պետք է լինի Երեւանի եւ Բաքվի միջեւ: Հույս ունեմ, որ դա տեղի կունենա համեմատաբար կարճ ժամկետներում: Այժմ մենք պետք է ավարտին հասցնենք հիմնարար սկզբունքների համաձայնեցումը՝ այնպես, որ դրանցում արտահայտված լինեն նաեւ Ղարաբաղի ներկա եւ նախկին բնակիչների տեսակետները»:

Անցած շաբաթավերջին, հարկ է նշել, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասել էր, թե այդ ժամանակ Մինսկի խմբի գործընթացը կանգնել էր, եւ Հայաստանը ստիպված է եղել ընտրել՝ շարունակել բանակցություններն առանց Ղարաբաղի, թե դնել Ղարաբաղի մասնակցության հարցը եւ դադարեցնել բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG