Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները հայտարարությամբ են հանդես եկել Ղարաբաղի վերաբերյալ


Ակվիլայում գագաթնաժողով գումարած Մեծ ութնյակի ղեկավարներից երեքը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորել են կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` երեք պետությունները, որոնք նախագահում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, իրենց աջակցությունն են հայտնում «կարգավորման հիմնարար սկզբունքների մշակումն ավարտելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին»:

«Մենք հանձնարարում ենք միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2007 թվականին Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակը: Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել մնացած մի քանի տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, որով կուրվագծվի համապարփակ կարգավորման ընդհանուր պատկերը», - ասվում է Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի համատեղ հայտարարությունում:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանին, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ եւ միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ, տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծում՝ «իրավական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտության միջոցով»:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հուլիսի 17-ին հանդիպելու են Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG