Մատչելիության հղումներ

Փաշինյանի պաշտպանները դիմելու են Եվրադատարան


Նիկոլ Փաշինյանը դատարան մտնելուց առաջ, 2-ը հուլիսի, 2009:
Նիկոլ Փաշինյանը դատարան մտնելուց առաջ, 2-ը հուլիսի, 2009:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի 4 պաշտպանները այս շաբաթ կավարտեն նախապատրաստական աշխատանքները եւ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Մեր պաշտպանյալին կալանքի տակ պահելու ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների կայացրած որոշումները անօրինական են եւ անհիմն։ Խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը։

Հայտնի է, որ Եվրոպական դատարանը գերծանրաբեռնված է, եւ քննությունը կարող է տեւել առնվազն 4-5 տարի, հետեւաբար, պաշտպանները դատարանից խնդրելու են հարցի քննության առաջնահերթություն. - «Նաեւ խնդրելու ենք Եվրոպական դատարանին ձեռնարկել այլ միջոցներ, որոնց թվին դասվում է անմիջական, անմիջապես արձագանքելը այս գործին»:

Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ սա նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պատվի հարցն է, քանի որ չի կիրառվել եվրոպական մեկ այլ կառույցի` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1677 բանաձեւը, «որը պահանջում է ազատություն մեջ թողնել մարտիմեկյան գործերով մեղադրվող անձնաց» եւ «որը պարզապես մեր իշխանությունների կողմից անտեսվում եւ արհամարհվում է»:

Փաստաթղթերը կուղարվեն Եվրոպական դատարան Նիկոլ Փաշինյանի վերջնական համաձայնությունից հետո միայն։

Տիգրան Աթանեսյանը պարզաբանեց, թե ինչու իրենք չեն օգտագործել Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը. - «Շատ են եղել գործեր, երբ դիմել ենք, եւ Վճռաբեկ դատարանը չորս, հինգ, վեց ամիս անց պարզապես վերադարձրել է այդ բողոքները: Այսինքն՝ ձգել են, եւ մարդը այդ ընթացքում գտնվել է կալանքի տակ… Դրանք ընդունելով որպես նախադեպ՝ մենք գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը կալանավորման հարցերում ակնհայտ ոչ արդյունավետ պաշտպանության միջոց է»:

Պաշտպանը փոխանցեց նաեւ, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, կան որոշ եզրակացություններ, սակայն դրանց մասին մանրամասներ փաստաբանը չփոխանցեց` պահպանելով նախաքննության գաղտնիությունը։

Նախաքննական մարմնի որոշումների կապակցությամբ պաշտպանական կողմի` գլխավոր դատախազին ներկայացրած բողոք-դիմումներն ու միջնորդությունները դեռեւս պատասխան չեն ստացել: Պաշտպանները, սակայն, ինչպես փոխանցեց Աթանեսյանը, չեն էլ ակնկալում դրական արձագանք։

Թեեւ այս պահին նամակագրության կամ տեսակցությունների սահմանափակում ընտանիքի անդամների հետ քննչական մարմինը չի կիրառել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն, ըստ Տիգրան Աթանեսյանի, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ապօրինի կալանքը նպատակ ունի «կասեցնել կամ վերահսկել նրա քաղաքական եւ մասնագիտական գործունեությունը»։

Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ էր գտնվում, այս տարվա հուլիսի 1-ին ներկայացավ իրավապահ մարմիններին։ Հուլիսի 3-ին դատարանը վերահաստատեց նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008-ի փետրվարի որոշումը։

Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Նա մեղադրվում է «Զանգվածային անկարգությունների կազմակերպման», «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ։ Այդ հոդվածներով նախատեսված ամենախիստ պատիժը մինչեւ 10 տարվա ազատազրկումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG