Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատախազություն


Այսօր դատախազություն ներկայացավ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի վերջին Փաշինյանը հայտարարել էր ընդհատակից դուրս գալու եւ իր պայքարը բանտում շարունակելու որոշման մասին: Իր տարածած հայտարարության մեջ Փաշինյանը գրել էր, որ ընդհատակից բանտ տեղափոխվելու իր որոշումը «արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված», եւ եկել է իր բնորոշմամբ` «քաղբանտարկյալ դառնալու» իր հերթը:

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Նա մեղադրվում է «Զանգվածային անկարգությունների կազմակերպման», «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ:

Փաշինյանին առաջադրված մեղադրանքների համար Քրեական օրենսգրքով ենթադրվում է 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները:

Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG