Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը խնդրում է միջոցներ ձեռնարկել Արման Բաբաջանյանի առողջական վիճակը բարելավելու նպատակով


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր նամակ է հղել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով «համապատասխան բժշկական զննություն կազմակերպել եւ [«Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր] Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման վերաբերյալ մտավախությունը հաստատվելու դեպքում միջոցներ ձեռնարկել նրա առողջական վիճակը բարելավելու նպատակով»:

«Հուլիսի 21-ին դատապարտյալ Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով հանդիպում աշխատակազմի աշխատակիցների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները նույն օրը այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել են Արման Բաբաջանյանին: Նրա հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ծանոթացել են առողջական վիճակին եւ վերջին բժշկական զննության եզրակացությանը, համաձայն որի՝ Արման Բաբաջանյանի գլխում հայտնաբերվել է յոթեւկես միլիմետր մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն: Ըստ Արման Բաբաջանյանի՝ այդ նույն գոյացությունը գրեթե մեկ տարի առաջ եղել է երկու միլիմետր մեծության: Արման Բաբաջանյանը մտավախություն է հայտնել, որ մինչեւ պատիժը կրելու ժամկետի ավարտը՝ ս.թ. սեպտեմբերի 16-ը, կարող է բաց թողնվել իր առողջական վիճակի բարելավման համար անհրաժեշտ եւ կարեւոր այն ժամանակահատվածը, որը կարող է իր կյանքի համար անդառնալի հետեւանքներ ունենալ», - ասված է արդարադատության նախարարին օմբուդսմենի հղած նամակում, որը տարածել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Արմեն Հարությունյանը խնդրում է կիրառված միջոցների մասին տեղեկացնել իրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG