Մատչելիության հղումներ

Իրանցի ընդդիմադիրները բոյկոտում են NOKIA հեռախոսները


Իրան -- Nokia-ի բոյկոտը խորհրդանշող իրանական ծաղրանկար
Իրան -- Nokia-ի բոյկոտը խորհրդանշող իրանական ծաղրանկար

Իրանում ընդդիմության աջակիցները արդեն շուրջ 1 ամիս բոյկոտում են NOKIA մակնիշի հեռախոսները` պնդելով, թե ֆիննական ընկերությունը Իրանի կառավարությանը սարքավորումներ է տրամադրել, որոնք հնարավորություն են տալիս գաղտնալսել, ձայնագրել եւ ցանկացած պահի ընդհատել հեռախոսազանգերը, ընթերցել բջջային հեռախոսներից ուղարկվող SMS հաղորդագրությունները:

Ընդդիմությանը հարող օրաթերթերից մեկի` «էթեմադ Մելլիի» փոխանցմամբ, բոյկոտի արդյունքում NOKIA-ի վաճառքը Իրանում կիսով չափ կրճատվել է, շատերը վերադարձրել են իրենց NOKIA հեռախոսները, կամ փոխանակել այլ մակնիշի հեռախոսների հետ: Պաշտոնական աղբյուրները, սակայն, այդ վիճակագրությունը չեն հաստատում:

ՙԵս ինքս ամեն օր մի քանի հաղորդագրություն եմ ուղարկում ընկերներիս ու հարազատներիս եւ հորդորում եմ չօգտվել NOKIA հեռախոսներից՚, - «Ազատություն» ռադիոկայանին ասել է 26-ամյա ուսանող Էհսանը: - «Այդ ընկերությունը աջակցում է կառավարությանը, որը արյունալի միջոցներով փորձում է ճնշել ազատությունը մեր երկրում՚:

Անցած ամիս Իրանում տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո բջջային հեռախոսները դարձել էին ընդդիմության հայտարարությունների ու հաղորդագրությունների տարածման, ինչպես նաեւ ոստիկանների ու զորքերի անօրինական գործողություններն արձանագրելու հիմնական միջոցը: Իրանցի երիտասարդ ուսանողուհու` դիպուկահարի կողմից սպանված 26 ամյա Նեդայի մահը եւս արձանագրվել էր բջջային հեռախոսների օգնությամբ եւ արագորեն տարածվել ողջ աշխարհով:

Հետընտրական զարգացումներից հետո, սակայն, տեղեկություններ տարածվեցին, թե նախաքննության ժամանակ իրավապահները ձերբակալված ընդդիմադիրներին հարցեր են ուղղել նաեւ ցույցերի օրերին ուղարկված բջջային հաղորդագրությունների եւ հեռախոսազանգերի բովանդակության վերաբերյալ:

NOKIA ընկերության խոսնակ Բեն Ռումը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ ֆիննական ընկերության կողմից Իրանի կառավարությանը տրամադրված հեռախոսային կայանները թույլ են տալիս ցանկության դեպքում գաղտնալսել բոլոր ցանցերը. - ՙԵրբ մենք աշխարհի որեւէ անկյունում կապի համակարգ ենք վաճառում, ըստ էության գիտենք, որ այն տնօրինողը տեսականորեն հնարավորություն ունի լսել այդ ցանցի բոլոր զանգերը՚:

Ավելի վաղ այս մասին տեղեկություններ էր հրապարակել հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը, պնդելով, թե Իրանի եւ NOKIA-ի համագործակցությունը սկսվել է 2008 թվականին, երբ համաձայնագիր է ստորագրվել կառավարության եւ հեռահաղորդակցության ծառայություններ եւ համակարգեր տրամադրող Nokia Siemens Networks ընկերության միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG