Մատչելիության հղումներ

Երկնիշ տնտեսական անկումը շարունակում է թափ հավաքել


Հայաստանի տնտեսական անկումը այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 16,3 տոկոս: Տնտեսության ճյուղերից տարեկան կտրվածքով կրկին ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում` կազմելով շուրջ 54,5 տոկոս:

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով` տնտեսությունը գտնվում է բարդ վիճակում. անկման կորը, որ նշմարվել էր դեռ անցած տարեվերջին, խորանում է, ինչից կարելի է եզրակացնել, որ կառավարության ձեռնարկած քայլերը արդյունք չեն տալիս:

«Բոլորս հասկանում ենք, որ տնտեսական կյանքը մի կարգադրությամբ ո'չ կշտկվի, ո'չ էլ անկում կապրի: Այսօր մենք կրում ենք անցած տարի` անցած տարվա կեսերից սկսած չարած, չկատարած վճիռների հետեւանքները, արդյունքները: Եվ այսօր կառավարությունը ուղղակի պետք է գլուխը բռնի եւ հավանաբար նաեւ ժողովրդից, հասարակությունից ներողություն խնդրի, որ անցած տարի չի ձեռնարկել համապատասխան միջոցառումները», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքերով` մինչեւ տարեվերջ սպասումները մնում են բացասական. - «Ես մնում եմ իմ կարծիքին, որ երկնիշ տնտեսական անկման հետ ենք մենք գործ ունենալու: Կարծում եմ, անկման ծավալները, այդուհանդերձ, մինչեւ տարեվերջ կնվազեն: Գործոններից մեկը` ֆինանսական բավականին ծավալուն միջոցների ներհոսք կա, որը մի քիչ կշտկի իրավիճակը շինարարությունում: Մի քիչ շտկելը նշանակում է, որ եթե այս պահին անկումը շինարարության ոլորտում կազմում է մոտավորապես 54 տոկոս, տարին կփակենք, ասենք, 30 տոկոս մակարդակում: Որի պարագայում, նաեւ հաշվի առնելով նախորդ տարվա վերջին եռամսյակի միտումները, տնտեսական անկումը` մոտ 20 տոկոս, մեր թվաբանությունը մինչեւ տարեվերջ կլինի ավելի լավ, իմ կարծիքով, քան այսօր է: Այսինքն, տնտեսական անկումը, ըստ իս, կազմելու է 13-14` այս սահմաններում»:

«Բայց սա եւս նշանակում է, որ մենք ունենք լուրջ հիմքեր տխրելու: Մենք ունենք խնդիր, որ պետք է նստենք, լուրջ քննարկենք. ցավոք, այդ բանը չեն անում իշխանությունները: Այսօր մենք դեռ ապրում ենք մի ծրագրով, որը նախատեսում է 9 տոկոս տնտեսական աճ, եւ այլն, եւ այլն, եւ այլն` իր բոլոր հետեւանքներով», - ընդգծեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը:

Այս տարվա առաջին կիսամյակում արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 31.5%-ով` կազմելով 1 մլրդ 660 մլն դոլար։ Ընդ որում, ներմուծումը նվազել է 27.5%-ով` կազմելով 1 մլրդ 378 մլն դոլար, իսկ արտահանումը 45.9%-ով` կազմելով 281 մլն դոլար։ Այսպիսով, ներմուծումը գերազանցել է արտահանմանը գրեթե 5 անգամ անգամ, իսկ առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։

Բագրատ Ասատրյանի խոսքով, սա առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով վերջին ամիսներների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ ավելացումը. - «Այս տարվա արդյունքում մենք ունենալու ենք մոտավորապես 3-4 անգամ արտահանման ծավալները գերազանցող արտաքին պարտք: Սա, կներեք, արդեն սարսափելի երեւույթ է: Փաստորեն մենք պարտքով պարտք պետք է փակենք: Այդ պարտքը մեզ կարող են տալ օտար երկրները, կարող են տալ մեր հարենակիցները: Տրանսֆերտները դա մեր աշխատած փողը չէ»:

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանի խոսքով, իրենք դեռ անցած տարի կանխատեսել էին տրանսֆերտների ծավալների բավական լուրջ կրճատում:

«Գնահատել էինք, որ տրանֆերտների մասը 30 տոկոսով կնվազի, եւ նման պատկեր ունենք», - ասաց նա՝ կապիտալի ներհոսքի մյուս բաղադրիչի մասին էլ ասելով. - «Երբ մենք նայում ենք կապիտալ ներդրումները, այստեղ շատ մեծ կրճատում կա»:

Ու թեեւ ՀՆԱ-ի անկման 16,3 տոկոս ցուցանիշը գերազանցել է Կենտրոնական բանկի կանխատեսումը, Ստեփանյանը, այդուհանդերձ, լավատես է. - «Սա հատակ էր, որից հետո… որոշակի վերականգնման փուլ կսկսվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG