Մատչելիության հղումներ

Հուլիսի 18-ի մամուլ


«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը, խոսելով Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումների մասին, հետեւյալ ամփոփումն է անում. - «Ցավոք սրտի, այսօր հակամարտությունը նույնքան հեռու է տրամաբանական հանգուցալուծումից, որքան 10 տարի առաջ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ շահագրգիռ խոշոր երկրները՝ առաջին հերթին Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, այս տարածաշրջանում իրենց հարցերը դեռ չեն լուծել։ Այդ երկրների աշխարհաքաղաքական ազդեցության աշխարհագրությունը՝ կոնֆիգուրացիան, չի հստակեցվել։ Ավելացրեք ՆԱԲՈՒԿԿՈ ծրագիրը, որ ուղղակիորեն հարվածում է Ռուսաստանի ռազմավարական շահերին, եւ պարզ կդառնա, որ սա հեշտ կարգավորվող խնդիր չէ»։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նույն խնդրին է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մասնավորապես նշելով. - «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, չունենք որեւէ ակնկալիք, որ այդ գործընթացում բեկում կարձանագրվի, որեւէ փաստաթուղթ կստորագրվի, կամ ինչ-որ դրական քայլ կլինի, որովհետեւ Ադրբեջանի դիրքորոշումը բավականին կոշտ է, ոչ կառուցողական: Այդ մադրիդյան սկզբունքներից, կարծում եմ, առաջին հերթին Ադրբեջանը կհրաժարվի, իսկ ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա դրանք պարզապես սկզբունքներ են, որտեղ ինչ-որ բաներ են առաջադրված, բայց դա չի նշանակում, որ Ղարաբաղը դա ընդունում է, կամ վաղը այդ խնդիրը լուծվում է»:

«Հայք»-ը գրում է. - «Հետեւելով արդեն ձեւավորված ավանդույթին, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը արտգործնախարարներին արդեն հրահանգել են նախապատրաստել իրենց աշնանային հանդիպումը: Բնականաբար, արդեն դժվար չէ ենթադրել, որ աշնան էլ կհանձնարարեն նախապատրաստել ձմեռային հանդիպումը, իսկ ձմեռային հանդիպումից հետո էլ կրկին հայտարարություններ կհնչեն կողմերի շինիչ տրամադրության մասին: Եվ այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ամերիկան որոշեն, թե երբ եւ որտեղ Սարգսյանը եւ Ալիեւը կստորագրեն եւս մեկ «դեյթոնյան» տիպի համաձայնագիր: Եվ դժվար է չնկատել, որ Սարգսյանը եւ Ալիեւը երազում են, որ այդ օրը հնարավորին չափ հեռու լինի կամ չգա ընդհանրապես: Նրանց այս վիճակն ամբողջովին բավարարում է. Լեռնային Ղարաբաղում նավթ չկա, որ Ալիեւը ծանր տանի այս տարածքի կորուստը, իսկ Սարգսյանն էլ առանձնապես ցանկություն չունի օր առաջ հասնել տասը հազար քառակուսի կիլոմետրանոց անկախ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»:

«Առավոտ»-ի խմբագիրն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ որդուն առնչվող վերջին կրիմինալ միջադեպին: Կատարվածի համատեքստում եզրակացնելով, որ Հայաստանում ձեւավորվել է «կոռումպացված ու անպատժելի պաշտոնյաների արտոնյալ խավ»՝ խմբագիրը, մասնավորապես, նշում է. - «Վերոհիշյալ «արտոնյալներից» է, անշուշտ, Գյումրիի քաղաքապետը: Իհարկե, մեր մնացած բարձրաստիճան պաշտոնյաների որդիները նույնպես ունեն «ջիպեր», որոնք քշում են իրենց ուզածի պես, անօրինական զենքեր եւ հաստավիզ «տղերքի» ջոկատներ: Բայց «պապաների բալաներից» ոչ բոլորն են հանդես գալիս որպես ռեցիդիվիստներ: Մի քանի անգամ կրկնելով միեւնույն հանցագործությունը՝ զինված խուլիգանությունը, նա չի ստանում արժանի պատիժը, եւ դա երիտասարդին գցում է մի տեսակ «կրիմինալ էյֆորիայի» մեջ: Ավելին՝ որդու քաջագործությունները որեւէ ձեւով չեն անդրադառնում հոր կարիերայի վրա: Այդ Արեւմուտքում է, որ հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ, եւ նման զավակ ունեցող պաշտոնյան չէր համարձակվի երեւալ ժողովրդի աչքին: Մեզ մոտ ընդհակառակը՝ ամեն մի կրակոցից, ծեծից կամ պայթյունից հետո մեր իշխանավորները ավելի շատ են հպարտանում իրենց հանցագործ ժառանգներով: Իսկապես, շատ «դուխով» եւ «թասիբով» տղերք են: Իրենց նման»:

«Ազգ» թերթի մշակութային հավելվածը տագնապ է հնչեցնում հայկական հեռուստաեթերում տեղ գտած լեզվական աղավաղումների կապակցությամբ. - «Հայ կինոռեժիսորների ու սցենարիստների մեծ մասը մոլորության մեջ է` կարծելով, թե խոսքային ռեալիզմը ենթադրում է կենցաղային, փողոցային լեզվի ուղղակի պատճենում եւ «անխաթար» փոխադրում կինոֆիլմ: Եվ հայ հեռուստադիտողը աստծո ամեն օր բարբառային լեզվի, ժարգոնի եւ գռեհկախոսության տարափի տակ է, իսկ եթե փորձում էլ է «պատսպարվել» որեւէ այլ հաղորդման մաքուր եթերի ներքո, դարձյալ փրկություն չկա. ամենուր նույն լեզվական աղտեղությունն է, նույն բարբառը, խղճուկ բառապաշարը: Եվ խոսքը, ցավոք, միայն սերիալների մասին չէ»: Զարգացնելով սերիալային լեզվի թեման՝ հոդվածագիրը նկատում է. - «Սերիալներում, անշուշտ, երբեմն հնչում է գրական հայերենը, հնչում է առավելապես միջին եւ ավագ սերնդի դերասանների շուրթերից: Այս առումով գրական հայերենը ծերացող լեզու է: Սակայն գրական լեզվի մաքուր ակունքներից օգտվելու համար, սերնդային պատկանելությունից բացի, չափազանց մեծ նշանակություն ունի նաեւ դերասանական ներքին կուլտուրան, լեզվական դաստիարակությունը: Մեր հարյուրավոր սերիալային աստղերի մեջ երբեմն պատահում են ներքին մեծ կուլտուրայով օժտված դերասաններ, որոնց համար մաքուր գրական խոսքը ինքնարտահայտման արժանապատիվ միջոց է, հաղորդակցվելու բնական եղանակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG