Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ԱԳՆ. «Անհրաժեշտ է խեղաթյուրված գործընթացի վերաբեռնավորում»


Ղարաբաղյան կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում «խեղաթյուրված» է որակում բանակցային գործընթացը եւ անհրաժեշտ է համարում դրա «վերաբեռնավորումը»:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով», - հայտարարում է Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը` պնդելով, որ «բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ»:

«Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության», - ընդգծում է Ղարաբաղի արտգործնախարարությունը:

«Գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված աղավաղված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG