Մատչելիության հղումներ

Հուլիսի 15-ի մամուլ


Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, անդրադառնալով Դաշնակցության պահվածքին, «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է. - «Անկեղծ ասած` ինձ համար անհասկանալի է պահանջել ԱԳ նախարարի հրաժարական, որովհետեւ արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրի նախագահն է, իսկ ԱԳ նախարարը կատարում է երկրի նախագահի հրահանգները եւ նրա քաղաքականությունն իրականացնողն է»:

«Հայք»-ի խմբագրականն անդրադառնում է ՆԱԲՈՒԿՕ ծրագրին, որի շրջանակում օրերս Եվրամիությունը պայմանագիր կնքեց Թուրքմենստանի հետ: Խմբագրականը մասնավորեցնում է. - «Անկասկած, Հայաստանը կարող էր օգտագործել իր աշխարհագրական դիրքը եւ հսկայական օգուտներ քաղել տարածաշրջանային ծրագրերից, բայց այսօր վարչախմբի վարած անտաղանդ քաղաքականության արդյունքում վերածվել ենք ճանապարհների խաչմերուկում նստած քոռ բուի: Ոմանք կհիշեն, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանն ու իր նազիր-վեզիրները ձայն-ձայնի տված ասում էին, թե Բաքու-Ջեյհան նավթային ծրագիրը հեքիաթ է, որ դրան չի կարելի լուրջ վերաբերվել: Շատ հնարավոր է, որ այսօր էլ գտնվեն լուրջ դեմքերով տնտեսագետներ, որոնք հայտարարեն, թե ՆԱԲՈՒԿՕ-ն ցնորք է, ուղեղի մորմոք, բայց իրականությունը բոլորովին այլ է, եւ մենք պետք է խոստովանենք, որ չշահելով ոչինչ Ղարաբաղի հարցով ընթացող բանակցություններում, միաժամանակ ոչինչ չենք ստանում նաեւ տարածաշրջանային ծրագրերից»:

«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սպասվող փոփոխություններին՝ նշելով. - «Հայաստանի իշխանությունները պատրաստվում են լուրջ փոփոխության ենթարկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը՝ լրագրողների եւ մամուլի իրավունքները էապես սահմանափակելու նպատակով»: Թերթը հետեւյալ բացահայտումն է անում. - «Առաջին հայացքից կարող է թվալ, թե ցանկանում են լրագրողներին օգնել՝ նրանց իրավունքները օրենքի հոդվածում թվարկելով: Իրականում սա իրավական շուլերության դասական օրինակ է, քանի որ ներկա օրենսդրությամբ լրագրողները առավել քան լայն իրավունքներ ունեն: Այսինքն՝ ԶԼՄ գործող օրենքով ամրագրված են այն սահմանափակումները, որոնք կիրառելի են խոսքի ազատության ոլորտում: Առաջարկված փոփոխություններով լրատվամիջոցներին եւ լրագրողներին հրամցվում է նոր իրավական դաշտ, որում նախ՝ լրագրողների իրավունքների շրջանակ է նախատեսվում՝ ամփոփված տասնյոթ կետերի մեջ: Տվյալ դեպքում անիմաստ է թվարկել այդ կետերը, քանի որ լրագրողի գործունեությունը մնացած բոլոր մասնագիտություններից տարբերվում է նրանով, որ այն առնչվում է հասարակության կյանքի բոլոր հնարավոր եւ անհնարին դրվագներին: Այսինքն՝ լրագրողների իրավունքների ցանկացած թվարկում գործնականում կարող է օգտագործվել լրագրողների իրավունքները սահմանափակելու նպատակով»:

«Չորրորդ իշխանություն» թերթում կարդում ենք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետեւյալ արձանագրումը Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մասին. - «Ես, իհարկե, վտանգներ տեսնում եմ: Այն, ինչի մասին խոսում են Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի նախագահները, բացարձակապես ընդունելի չէ: Կարծում եմ, որ չի գտնվի որեւէ հայ՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից՝ կլինի արտգործնախարար, թե երկրի նախագահ, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրի: Սա բացարձակապես չի բխում մեր երկրի շահերից, հայ ազգի համար զարգացում չեն ապահովում նման մոտեցումները, նման բանակցություններին մասնակցելն ընդհանրապես: Ես կարծում եմ, որ այսօրվա վիճակով, անկախ նրանից, թե ով է նախագահը, որ քաղաքական ուժն է միահեծան իշխում երկրում, պետք է դադարեցվեն բանակցությունները, պետք է կասեցվեն գոնե մեկ-երկու տարով: Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ ենք ուզում, Հայաստանի ներսում լիարժեք միասնականության մթնոլորտ պետք է ձեւավորվի այդ հարցի շուրջ, դրանից հետո նոր սկսվեն բանակցությունները: Իսկ ամենակարեւոր էլեմենտն այն է, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ»:

«Կապիտալ» թերթում կարդում ենք. - «Վերջերս ռուսական խոշորագույն ռիթեյլեր «Եվրոսետ» ընկերությունը հեռացավ Հայաստանից՝ հայտարարելով, որ բջջային հեռախոսների շուկան այստեղ «սեւ» է: «Եվրոսետի» նախագահ Ալեքսանդր Մալիսը «Կապիտալի» խնդրանքով կրկին պարզաբանումներ է ներկայացրել Հայաստանից հեռանալու իրենց որոշման վերաբերյալ։
Մեկնաբանելով Պետեկամուտների կոմիտեի հայտարարությունը, որ «Եվրոսետը» հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններից ներկրվող բջջային հեռախոսները ցանկացել է մաքսազերծել գործարքի գնի մեթոդով, չնայած ԱՄԷ-ի դեպքում այդ մեթոդը կիրառելի չէ, Մալիսը նշել է. - «Այո, մենք Հայաստան էինք ներկրում հեռախոսներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄԷ-ից, բայց ընդհանուր մատակարարման ծավալում այդ երկրի մասնաբաժինը կազմում էր ընդամենը 10%»: Նա հավելել է. որ իրենց գնահատականներով Հայաստանի բջջային շուկայում ստվերն ավելի քան 80% է։ «Եթե կառավարությունը համարում է, որ այդպիսի խնդիր չկա, մենք խորհուրդ ենք տալիս ավելի ուշադիր հետեւել այն ամենին, ինչ կատարվում է մանրածախ առևտրում», - ասել է Մալիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG