Մատչելիության հղումներ

Երեւան ժամանեցին Մինսկի խմբի համանախագահները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր տարածաշրջանային այցով ժամանեցին Երեւան, որտեղ հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` միջնորդների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` համանախագահների հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ եւս քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Անդրադառնալով Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցությունների ձեւաչափին` Էդվարդ Նալբանդյանը նշել է բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը` որպես խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք:

Համանախագահները ափսոսանք են հայտնել, որ եղանակային պայմանների պատճառով այս անգամ չկարողացան այցելել Ստեփանակերտ:

Հանդիպումից հետո, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրման մասին` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի արտգործնախարարի որոշելիքը չէ, այդ հարցի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Երեւանից համանախագահները կմեկնեն Բաքու, որտեղ հանդիպումներ կունենան վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG