Մատչելիության հղումներ

Վախճանվել է գրող Վասիլի Ակսյոնովը


Երեկ մոսկովյան հիվանդանոցներից մեկում կայնքի 77 տարում մահացել է ռուս հայտնի գրող Վասիլի Ակսյոնովը: Անցյալ տարվա հունվարի 15-ին նա Մոսկվայում՝ մեքենա վարելիս ուղեղի կաթված է տարել եւ այդ պահից անընդհատ գտնվել է հիվանդանոցներում:

Ակսյոնովը ավելի քան 20 վեպերի, բազմաթով վիպակների եւ պատմվածքների հեղինակ է: Գրականագետները նրան համարում են ռուս գրականության «վաթսունականների» սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը:

Ակսյոնովը ծնվել է Կազանում՝ կուսակցական գործիչների ընտանիքում: Ծնողներին ստալինյան բռնաճնշումների տարիներին բանտարկել են: Ապագա գրողը նախ ապրել է մանկատանը, ապա Մագադանի աքսորավայրերից մեկում՝ աքսորված մոր հետ:

1956-ին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը, աշխատել է Հյուսիսային բեւեռի, Կարելիայի եւ Մոսկվայի հիվանդանոցներում:

Որպես գրող Ակսյոնովը ճանաչում է ստացել 60-ականներին, երբ «Յունոստ» հանդեսում լույս է տեսել նրա «Գործընկերները» վիպակը: Նրա առաջին հայտնի վեպը «Աստղային տոմսն» էր:

Ակսյոնովի առաջին ստեղծագործությունների հերոսները՝ երիտասարդ ռոմանտիկներ են եւ սովետական իրականության մեջ չտեղավորվող, արեւմտյան ջազով եւ գրականությամբ տարված պատանիները, որոնց անվանել են «ստիլյագներ»:

Խրոշչովյան «հալոցքից» հետո խորհրդային հրատարակչությունները սկսել են մերժել Ակսյոնովի եւ նրա սերնդի այլ գրողների ստեղծագործությունները:

1979 թվականին Ակսյոնովի եւ մի խումբ այլախոհ գրողների ջանքերով ԱՄՆ-ում լույս է տեսել գրաքննությունից ազատ «Մետրոպոլ» ալմանախը: Երբ դրա հեղինակներից Եվգենի Պոպովին եւ Վիկտոր Երոֆեեւին վտարել են Գրողների միությունից, Ակսյոնովն ի նշան բողոքի ինքն է հայտնել է միությունից դուրս գալու մասին եւ անմիջապես հայտնվել է ՊԱԿ-ի գործակալների հսկողության ներքո:

1980-ին Ակսյոնովը արտագաղթել է ԱՄՆ, որտեղ եւ տեղեկացել է իրեն եւ տիկնոջը խորհրդային քաղաքացիությունից զրկելու իշխանությունների որոշման մասին:

ԱՄՆ-ում Ակսյոնովը դասավանդել է համալսարաններում, շարունակել է ստեղծագործել, ավարտել եւ հրատարակել է ԽՍՀՄ-ում սկսած «Այրվածքը» եւ «Ղրիմի կղզին» վեպերը:

1980-1991 թվականներին Վասիլի Ակսյոնովը թղթակցել է «Ազատություն» ռադիոկայանին, վարելով իր հեղինակային հաղորդաշարը:

1989 թվականին նա առաջին անգամ վերադարձել է ԽՍՀՄ, մեկ տարի անց իշխանությունները վերականգնել են նրա քաղաքացիությունը: Հետագայում նա Ռուսաստանում հրատարակել է «Մոսկովյան սագա», «Ձվի դեղնուց», Թղթե բնապատկեր», «Ասա՝ «չամիչ» եւ այլ վեպերը, ինչպես նաեւ հուշեր եւ հոդվածներ:

Վերջին շրջանում նա ապրել է մերթ Բեարիցում (Ֆրանսիա), մերթ Մոսկվայում:

Ֆրանսիայում ապրող Վասիլի Ակսյոնովի բարեկամը, գրող Անատոլի Գլադիլինը ասել է, որ ընկերոջ մահը նրա համար անսպասելի չէր:

«Դեռ ապրիլին ես Վասիլիի որդու՝ Ալեքսեյի հետ այցելեցի նրան Սկլիֆոսոֆսկու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Ես մոտ կեկ ժամ մնացի նրա հետ: Ես նրան հրաժեշտ տվեցի, գիտեի, որ սա՝ վերջն է: Երկու շաբաթ առաջ, լսելով, որ հոգեվարքն է սկսվել, Աստծուն աղոթում էի, որ այդ տանջանքն արագ ավարտվի»,- ասել է Գլադիլինը:

«Ակսյոնովի ջինսե կուրտկայից, ինչպես Գոգոլի «Շինելոց» դուրս է եկել ամբողջ արդիական ռուս գրականությումը», - ասել է Ակսյոնովի բարեկամ, գրող Եվգենի Պոպովը:

Վասիլի Ակյոնովին հուղարկավորելու են հուլիսի 9-ին Մոսկվայի Վագանկովո գերեզմանատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG