Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է Միացյալ Նահանգների դեսպանություն



ԱՄՆ-ի Ազգային տոնի` Անկախության օրվա առիթով նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. - «Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մենք Միացյալ Նահանգներին ընկալում ենք ոչ միայն որպես հզոր երկիր, որպես Հայաստանին ամենամեծ մարդասիրական օգնությունը ցուցաբերող երկիր, այլեւ մի երկիր, որը ամենաօրհասական պահին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնեց, նրա մի ստվար հատվածին իր գիրկն ընդունելով, հնարավորություն տվեց զարգանալու եւ իրենց ավանդը ներդնելու ինչպես Միացյալ Նահանգների հզորացման, այնպես էլ իրենց ազգային ինքնությունը պահպանելու գործում»:

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ ծավալված առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Դեսպան Յովանովիչը Հայաստանի նախագահին ներկայացրել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպումներից իր տպավորությունները:

Սերժ Սարգսյանն ու Մարի Յովանովիչը ընդգծել են, որ ինքնատիպ ու հզոր ամերիկահայ համայնքի առկայությունը, ամերիկահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը բարեկամության իրական կամուրջ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ - թուրքական քաղաքական երկխոսությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG