Մատչելիության հղումներ

Հուլիսի 7-ի մամուլ


«Առավոտ»-ը գրում է. - «Առնվազն 2007 թվականի հոկտեմբերի 23-ից ի վեր Հայաստանում ձեւավորված ավանդույթի համաձայն, հայրենի իրավապահները հարձակվում են իրենց սահմանադրական իրավունքն իրացնող, կոնկրետ դեպքում` ընդդիմության հանրահավաքների կամ նախընտրական հանդիպումների մասին իրազեկող թռուցիկներ տարածող կամ այդ նպատակով խաղաղ երթի մասնակից այլախոհների, նաեւ` լրագրողների վրա, անկարգություն հրահրում, ծեծի ենթարկում քաղաքացիներին ու հետո նրանց մեղադրանք առաջադրում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ընդ որում, քաղաքացիներին խուժանի նման հարձակման ենթարկող ո’չ համազգեստավոր եւ ո’չ էլ քաղաքացիական հագուստով ոստիկանները բոլոր դեպքերում մնում են «չբացահայտված» ու անպատիժ: Փորձված այս մեթոդը կիրառվեց նաեւ հուլիսի 1-ին` Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ»:

Նույն թեմային է անդրադարձել «Չորրորդ իշխանություն»-ը: Թերթում կարդում ենք. - «Այն, որ իշխանությունները ոստիկանությունը դարձրել են բանդիտական կառույց եւ պետական բյուջեից ֆինանսավորվող այդ կառույցն օգտագործում են իրենց անձնական նպատակներով, վաղուց էր հայտնի: Հուլիսի 1-ին ՀԱԿ-ի ակտիվիստների վրա ծպտված ոստիկանների հարձակումը դրա հերթական ապացույցն է: Ընդ որում, վաղուց արդեն որեւէ մեկին չի զարմացնում, որ ամբողջ աշխարհում սովորաբար հանցագործներն են փորձում թաքում գործել, իսկ Հայաստանում դա անում են ոստիկանները: Չի զարմացնում, որովհետեւ բոլորն էլ գիտեն՝ Հայաստանում, որպես կանոն, հանցանք գործողը հենց ոստիկաններն են: Բայց հուլիսի 1-ի միջադեպը մի ուրիշ բան էլ բացահայտեց: Պարզվեց, որ Հայաստանում նույնիսկ հիվանդանոցներն են հանցագործների «կանտրոլի տակ», եւ բժիշկները «ոստիկանների» առաջին իսկ հրահանգով պատրաստ են մի կողմ դնել իրենց մասնագիտական պարտավորություններն ու մարդկային որակները եւ հլու-հնազանդ ծառայել ռեժիմին»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը վերլուծում է Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը՝ հանգելով հետեւյալ եզրակացությանը. - «Հայաստանում սկիզբ առած քաղաքական վերադասավորումների մթնոլորտում Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ համախմբված կոնգրեսում ուժեղացող տարաձայնությունները եւ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում գաղափարապես ու կազմակերպորեն միատարր կուսակցության միջոցով հանդես գալու ցանկությունը ստիպում են ՀՀՇ-ին ու նրա առաջնորդին մտածել ՀԱԿ-ի գնացքից թռչելու մասին։ Թե որքան կտեւի այս մտադրության վերջնական հստակեցման գործընթացը, կախված է նաեւ Տեր-Պետրոսյանի կողմից հիմնավորապես օգտագործված ու «քամված» նրա դաշնակից ուժերի հետագա պահվածքից։ Վերջիններս ո՛չ կարող են հեռանալ ՀԱԿ-ից, ո՛չ էլ միաձուլվել ՀՀՇ-2-ի մեջ, ուստի արժանի են ավելի «փաղաքշական հրաժեշտի»։ Ամեն դեպքում փաստ է, որ ՀՀՇ-ն ու նրա առաջնորդը մտածում են ՀԱԿ-ի գնացքից թռչելու եւ միաձույլ կազմակերպություն ստեղծելու մասին, ուստի փնտրում են արդեն իսկ «օգտագործված նյութից» ազատվելու ուղիներ»։

«Հրապարակ»-ն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղյան կարգավորման թեմայով երեկ արած հայտարարություններին, մասնավորապես, հետեւյալին. - «Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում մնում է անփոփոխ: Խնդրի կարգավորումը պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի ինքորոշման իրավունքի ամրագրումը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապի ամրապնդումը, ռազմական գործողությունների չվերսկսման երաշխավորումը»: Թերթի խմբագրականն արձանագրում է. - «Այդ ֆրազները, որ տարիներ շարունակ լսում ենք, սակայն դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվում, մնում են որպես սոսկ հռչակված սկզբունքներ, որոնց դե յուրե ամրագրումը դարձել է անհնարին: Շուրջ 10 տարի նմանատիպ ֆրազներով միջազգային եւ սեփական հանրությանը մոլորեցրած եւ այդ գնով նախագահի աթոռը պահպանած Ռոբերտ Քոչարյանը քաղաքական աճպարարության թերեւս լավագույն օրինակն է: Այդ օրինակն այնքան վարակիչ է եւ այնքան ձեռնտու, որ հիմա դրանից սկսել է օգտվել նաեւ Սերժ Սարգսյանը: Արդյո՞ք նրան եւս կհաջողվի 10 տարի փափուկ բարձ դնել միջազգային հանրության եւ սեփական հասարակության գլխի տակ, ցույց տալ, որ ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար, սակայն ոչինչ չանել: Արդյո՞ք միջազգային հանրությունը եւս 10 տարի կհանդուրժի կոնֆլիկտի օջախի գոյությունը Հարավային Կովկասում՝ որպես պայթյունավտանգ գոտի»:

Փորձելով ներկայացնել, թե որ ապրանքային խմբերն են առավել մեծ դեր խաղացել Հայաստանի արտաքին առեւտրում՝ «Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջին տեղում շարունակում է մնալ ֆեռոմոլիբդենը (երկաթահալվածք)՝ 208.8 մլն դոլար: երկրորդ տեղը ադամանդն է՝ 144 մլն դոլար, ինչը հերքում է այն կարծիքը, որ ոլորտը խոր ճգնաժամի մեջ է: Արտահանման կառուցվածքում երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանի հիմնական հարստությունը՝ պղինձը: Որպես խտանյութ՝ արտահանվել է 99.9 մլն դոլարի պղինձ»: Չորրորդ տեղում ալյումինն է: Թերթը արձանագրում է. - «Քանաքեռի ալյումինի գործարանը վերագործարկելուց հետո Հայաստանը 2008թ. արտահանել է 36.4 մլն դոլարի ալյումինի փայլաթիթեղ: Եթե ընդհանրացնելու լինենք այս չորս ապրանքային խմբերը, ապա ստացվում է, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում կեսից ավելին (584 մլն դոլարկամ 58%-ը) լեռնահանքային արտադրանքն է եւ ադամանդը: Այս կառուցվածքը բնորոշ է թույլ զարգացած տնտեսությանը, և վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը որակական աճի խիստ կարիք է զգում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG