Մատչելիության հղումներ

Հուլիսի 4-ի մամուլ


«Չորրորդ իշխանություն»-ը պնդում է. - «Մեծ հաշվով այն գաղափարը, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել, երկակի էֆեկտ է ունենում։ Մարդկանց մի մասին դա դրդում է վճռական գործողությունների (ապստամբություն, քաղաքացիական անհնազանդություն եւ այլն), մյուս մասին հուսահատության գիրկն է նետում՝ նրանք ձեռքը թափ են տալիս ու մի կողմ քաշվում։ Ընդ որում, այն մասին, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, խոսում են առանց բացառության բոլորը։ Մինչդեռ իրականությունն այն է, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել լավ էլ հնարավոր է։ Պարզապես նորմալ երկրներում դրա համար անհրաժեշտ է ունենալ 51 տոկոս, իսկ Հայաստանի նման երկրներում՝ առնվազն 80։ Ունի՞ արդյոք ընդդիմությունը 80 տոկոս։ Իհարկե չունի։ Խնդիրն այն չէ՝ հաղթե՞լ է ընդդիմությունը նախագահի կամ Երեւանի քաղաքապետի ընտրություններում, թե ոչ (իհարկե հաղթել է)։ Խնդիրն այն է, որ այդ հաղթանակն ամրագրելու համար 80 տոկոս էր պետք, որը չկար։ Ընդ որում, հասարակության 80 տոկոսի վստահությունը վայելելը, մեծ հաշվով, լուծելի խնդիր է. պարզապես դրա համար վիթխարի աշխատանք է պետք եւ երկար ժամանակ»։

«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանում կայացել է մի ընդդիմություն, որն աննախադեպ է մի քանի առումներով։ Նախ՝ տարբեր գաղափարախոսությունների կրող քաղաքական մեկ տասնյակից ավելի ուժեր մեկուկես տարի է գործակցում են առանց որեւէ կերակրատաշտ կիսելու։ Երկրորդ՝ ընդդիմությունը Հայաստանի քաղաքական կյանքում իր վճռորոշ դերակատարությունն ունի, ներկայացված չլինելով խորհրդարանում, լինելով տարբեր գաղափարական ուժերից կազմված, ընդդիմությունը ցուցաբերում է ընդդիմադիր ուժի համար կազմակերպվածության կարծես թե աննախադեպ մակարդակ, եւ այդ ամենը ռեսուրսների անօրինական ճանապարհով ջլատման պայմաններում։ Չորրորդ՝ ընդդիմությունը դրել է քաղաքական պայքարի մի նշաձող, որը հաղթահարելու փորձ առ այսօր չի համարձակվում կատարել որեւէ այլ քաղաքական ուժ, բայց որից ցածր էլ գործելը դարձել է որեւէ ուժի համար քաղաքականապես անհեռանկար, թողնելով միայն անօրինական գոյության ճանապարհը»։

«Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շարք հայտարարություններ արեց այն մասին, որ համաներումը բարի կամքի արտահայտություն չէր, այլ միջազգային հանրության ճնշման տակ իշխանությունների կրած պարտության։ Մեծագույն հաղթանակ. ո՞ւմը, եւ ո՞ւմ հանդեպ։ Տեր-Պետրոսյանինը Սերժ Սարգսյանի հանդե՞պ։ Արդյոք շատ ռոմանտիկ չէ՞։ Այն, որ ՀԱԿ-ը իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում, ցույց տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ Գագիկ Բեգլարյանին չկարողացավ հաղթել։ Տեր-Պետրոսյանի կարծիքով համաներումը կարելի էր համարել բարի կամքի արտահայտություն, եթե այն տեղի ունենար 1 տարի առաջ։ Կրկին ամեն ինչ ուղիղ ընդհակառակն է։ Հենց մեկ տարի առաջ արմատական ընդդիմությունը իր վերելքի բարձունքում էր, եւ եթե համաներումը կայանար այն ժամանակ, առանց սպասելու քննության եւ դատական գործընթացների ավարտին, կարելի կլիներ ասել, որ իշխանությունը տեղի տվեց միջազգային հանրության եւ արմատական ընդդիմության ճնշմանը»։

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Վերջին միտինգում բազմիցս հայտարարվեց, թե զնդանները չկոտրեցին քաղբանտարկյալներին»։ Պատասխան. - «Իշխանությունը երբեք համաներում չի հայտարարում ճարահատյալ։ Ես եղել եմ քաղբանտարկյալ խորհրդային իշխանության օրոք եւ գիտեմ, որ որեւէ պետություն երբեւէ իր քաղբանտարկյալներին չի համաներում։ «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ անօրինական գործողությունների համար բանտարկվածները սովորական հանցագործներ են, որոնց նկատմամբ իշխանությունը բարի կամք է դրսեւորել։ Նրանց հերոսացնելու փորձերը ծիծաղելի են։ Իրենք իրենց քաղբանտարկյալ համարող անձինք երբեւէ չեն բողոքել ազատազրկման վայրում ունեցած իրենց վիճակից, քանի որ օգտվել են կապի ու հաղորդակցության բոլոր միջոցներից, սննդի ու որեւէ այլ բանի կարիք չեն ունեցել։ Այս առումով խեղկատակություն է հանրահավաքի մասնակիցներին թյուրիմացության մեջ գցելը, թե նրանք զնդաններում են եղել, բայց պահպանել են անկոտրում կամքը եւ խիզախ կեցվածքը»։

«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մտադիր է շրջանառության մեջ դնել մի նախաձեռնություն՝ բանաձեւի նախագիծ, թե ինչպիսի բնապահպանական աղետների կարող է հանգեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը տարածաշրջանում։ Զարուհի Փոստանջյանն այս նախաձեռնության ներքո ստորագրելու համար մտադիր է դիմել նաեւ ԵԽԽՎ վրացի եւ ադրբեջանցի պատվիրակներին, «քանի որ Դեբեդի աղտոտումը նրանց էլ է վերաբերում։ Դեբեդը գնում է Քուռ, Քուռը լցվում է Արաքս եւ Կասպից ծով»։ Պատգամավորը հույս ունի ԵԽԽՎ միջոցով միջազգային փորձաքննություն նշանակել Թեղուտի հանքավայրում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG