Մատչելիության հղումներ

Ազգամիջյան լարվածություն Դնեպրոպետրովսկի մարզում


Ուկրաինայի Դնեպրոպետրովսի մարզի Մարգանեց քաղաքում ազգային հողի վրա անկարգություններ են սկսվել ծագումով հայաստանցու կողմից ուկրաինացի ոստիկանի սպանությունից հետո:

«Կրիմսկայա պրավդա» պարբերականը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները, տեղեկացնում է, որ Մարգանեցի բարերից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել երիտասարդների երկու խմբերի միջեւ, որի ժամանակ հայ երիտասարդը դանակով սրտին հասցված հարվածով սպանել է ոստիկանության աշխատակցին:

Հիվանդանոցի մոտ, ուր տեղափոխվել են երկու խմբերից վիրավորները, նոր ծեծկռտուք է սկսվել նրանց ազգականների եւ ընկերների մասնակցությամբ, որի հետեւանքով հայերը նահանջել են, իսկ ուկրաինացիները սկսել են ջարդուփշուր անել նրանց ավտոմեքենաները:

Դատախազությունը եւ ոստիկանությունը վստահեցնում են, որ ամբողջովին վերահսկում են իրավիճակը քաղաքում: Ըստ դատախազի, իրավապահները ձերբակալել են ոչ միայն սպանության համար մեղադրվողին, այլեւ խուլիգաններին, որոնք, վրեժ լուծելով իրենց ընկերոջ սպանության համար, ջարդուփշուր էին արել ավտոմեքենաները:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 28-ին: Սպանվածը ոստիկանության 22-ամյա սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն է, որը միջադեպի ժամանակ ծառայության մեջ չէր:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հաղորդում է, որ Սերգեյ Բոնդարենկոն մեկ այլ հայի` Աշոտ Բալաբեկյանի ընկերն էր, եւ վեճը ծագել է, երբ ընկերներով նշում էին Բալաբեկյանի 18-ամյակը: Թերթը հրապարակել է ոստիկանի սպանության մեջ մեղադրվողի միայն անունը` Սամվել, որին ծնոտի կոտրվածքներով տեղափոխել են Դնեպրոպետրովսկի նախնական կալանքի մեկուսարան:

Ուկրաինայի իշխանությունների հավաստմամբ` բախումը ոչ թե ազգամիջյան, այլ կենցաղային բնույթի է: Այդուհանդերձ, ոստիկանական ուժեղացված հսկողություն է հաստատվել Մարգանեցի այն շրջանում, որտեղ ապրում է հայ համայնքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG