Մատչելիության հղումներ

Հայաստանը շարունակում է մնալ «մոնիտորինգի ռեժիմի ներքո»


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: 22-ը հունիսի, 2009թ.
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: 22-ը հունիսի, 2009թ.

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երկուշաբթի օրը քննարկել է Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերի կատարման հարցը:

«Առաջընթաց կա, որը պայմանավորված է իրականացված համաներմամբ, սակայն Հայաստանը շարունակելու է մնալ մոնիտորինգի ռեժիմի ներքո, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է կիրառվում համաներումը», - գնահատել է ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովը:

Ժամուկես տեւած դռնփակ քննարկման ընթացքում ընդունվել է նաեւ բանաձեւի նախագիծ, որը առայժմ չի հրապարակվում: Հայտնի է, սակայն, որ ողջունվում է իրականացված համաներումը, բայց նաեւ կետ առ կետ անդրադարձ կա Հայաստանի վերաբերյալ երեք պահանջների կատարմանը:

Նիստին մասնակցելու հրավեր էին ստացել ինչպես Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որը մոնիտորինգի հանձնաժողովի անդամ չէ, այնպես էլ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է. - «Պարոն Պրեսկոտը, ի պատասխան իմ եւ տիկին Փոստանջյանի հայտարարություններին, իր կարծիքը հայտնեց ներկա իրադրության մասին: Նրա ասածից կարելի էր եզրակացնել, որ նա որոշակի պրոգրես տեսնում է, եւ «այդ պրոգրեսը հնարավոր չէ չգնահատել»: Նա համաձայն չէ իմ այն գնահատականի հետ, որ Հայաստանի իշխանությունները տորպեդահարել են Փաստահավաք խմբի աշխատանքը: Նրա կարծիքով` հենց փաստահավաք խմբի փորձագետները չկարողացան իրենց քաղաքական հայացքները մի կողմ դնել եւ աշխատել որպես փորձագետ»:

Զարուհի Փոստանջյանը նիստը սկսվելուց առաջ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին տրամադրել է մի շարք փաստաթղթեր Փաստահավաք խմբի լուծարման, ԵԽԽՎ-ի բանաձեւերի կատարման վերաբերյալ, նաեւ՝ մի առանձին փաստաթուղթ, որում նշված է, թե ում վրա չի տարածվելու համաներումը:

«Ես ասացի, որ այսօր էլ, թեպետ համաներում է հայտարարվել, եւ մարդիկ կան, որոնք անմեղ էին եւ ազատ են արձակվել, բայց, այնուամենայնիվ, նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռները կայացվել են առանց որեւէ ապացույցի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Զարուհի Փոստանջյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նույնպես մեկնաբանել է Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը. - «Երկիրը շարունակելու է անշուշտ մնալ մոնիտորինգի ենթակա: Նշվեցին նաեւ առաջիկա խնդիրները: Առաջնահերթ խնդիր է համարվում փոփոխություններ կատարելը Ընտրական օրենսդրության մեջ: Ավելին՝ հավանաբար նաեւ որոշակի փոփոխություններ լինեն, որովհետեւ կարեւորվեց ոչ միայն Ընտրական օրենսդրության փոփոխությունը, այլ նաեւ այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որը կբարձրացնի հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG