Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը չգիտեն, թե ինչպես լուծել Ղարաբաղի հարցը»


Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի փորձագետ Ալեքսանդր Ռարը day.az ադրբեջանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղի խնդիրն էապես տարբերվում է Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություններից:

Մոսկվան եւ Վաշինգտոնը, նրա խոսքով, չեն կարողանում որոշել, թե Ղարաբաղի հարցում կողմերից որ մեկին սատարել. - «Ելնելով միջազգային իրավունքից՝ կարելի է ասել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, սակայն այդ իրավունքը մշտապես փոփոխվում եւ լրամշակվում է, ի հայտ են գալիս նոր նրբություններ: Այդ պատճառով էլ արդեն 20 տարի շարունակ ոչ մի որոշում չի ընդունվում»:

Նրա կարծիքով, Միացյալ Նահանգների բոլոր նախագահները պարտավոր են հաշվի նստել հայկական հզոր լոբբիի հետ: Ղարաբաղի հարցում հաստատված ներկայիս ստատուս-քվոն այսօր ձեռնտու է նաեւ ամերիկացիներին: Ռուսաստանն էլ նույն վիճակում է՝ չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները ո'չ Հայաստանի եւ ո'չ էլ Ադրբեջանի հետ:

«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը չգիտեն, թե ինչպես լուծել Ղարաբաղի հարցը», - ասել է Ռարը: - «Մոսկվան եւ Վաշինգտոնը մրցում են. ամերիկացիները փորձում են խափանել տարածաշրջանում ազդեցության ամրապնդմանն ուղղված ռուսների փորձերը, ռուսներն էլ, իրենց հերթին, հենց Ղարաբաղի նման կոնֆլիկտների միջոցով ձգտում են ամերիկացիներին երկրորդ պլան մղել: Փաստորեն, ե'ւ ռուսներին, ե'ւ ամերիկացիներին այսօրվա կացությունը հարմար է»:

Ռարի խոսքերով, կարելի է հասկանալ Ադրբեջանի կառավարության անհամբերությունը, քանի որ նրանք համոզված են, որ Լեռնային Ղարաբաղը «ռազմական եւ ապօրինի եղանակով» է անջատվել, կարելի է հասկանալ Ադրբեջանի նյարդայնությունն այն առումով, որ «միջազգային հանրությունը չի ըմբռնում Ղարաբաղի խնդիրը», սակայն «ճնշում բանեցնել չարժէ, քանի որ Ղարաբաղի հարցից զատ կա նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը». - «Դժգոհությունը հասկանալի է, բայց հակամարտության կարգավորման գործում հիմա տեղաշարժեր ակնկալել պետք չէ»:

Հարցին, թե «արդյո՞ք արդար է պնդումը, որ Մինսկի խումբը չի նպաստում կարգավորմանը, որովհետեւ համանախագահներից յուրաքանչյուրը հակամարտությունը դիտում է իր երկրի տեսակետից», Ալեքսանդր Ռարն արձագանքել է, թե դա, հավանաբար, այդպես է, քանի որ «այդ երկրներն ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը»:

«Իրավիճակն արմատապես փոխելու համար հարկ է ուժերի դասավորության փոփոխություն միջազգային գլխավոր կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից: Ես ենթադրում եմ, որ կես դար անց միջազգային խնդիրներով ավելի ակտիվ կզբաղվի Չինաստանը, բայց քանի որ այդ կազմակերպությունների բարեփոխումները անդամ-երկրները մշտապես բոյկոտում են՝ ապա շատ դժվար է ինչ-որ բան փոխել», - ասել է Ալեքսանդր Ռարը:

Պատասխանելով հարցին, թե «կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի դերը թուլանալ՝ եթե հայերն ու ադրբեջանցիները համաձայնության հասնեն կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ», փորձագետն ասել է. - «Ի՞նչ հիմնարար սկզբունքների մասին է խոսքը: Դրանք երկու կողմերը տարբեր կերպ են ըմբռնում: Եվ այստեղ նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ արեւմտյան տերությունների դիրքորոշումը. նրանց էլ է ձեռնտու ստատուս-քվոն: Կարծում եմ, ոչ ոք չգիտի, թե ինչպես լուծել Ղարաբաղի հակամարտությունը: Դա իսկապես շատ բարդ է»:

Փորձագետի խոսքով, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հզորացումը կամ թուլացումը կախված է այն բանից, թե այստեղ ով է մրցելու Ռուսաստանի հետ:

«Արդյո՞ք ԱՄՆ-ը կունենա այնքան ուժ, որ ֆինանսական ճգնաժամից հետո սկսի այդ տարածաշրջանից նավթի եւ գազի փոխադրման այլընտրանքային ուղիներ որոնել: Կրկին հարց է ծագում՝ ի՞նչ նոր դերակատարներ կարող են ներքաշվել այդ խաղի մեջ», - ասել է Ռարը:

Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Ռուսաստան կատարելիք այցի օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցին, նա ասել է, թե չի կարծում, որ ԱՄՆ-ի նախագահի օրակարգում կա Ղարաբաղի հարցը:

«Այսօր հրատապ են այնպիսի խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, ֆինանսական ճգնաժամը: Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ առաջին տեղում չէ: Գուցեեւ այստեղ ինչ-որ համապարփակ խոշոր որոշում են նախանշում, բայց ես դրա մասին տեղեկություններ չունեմ», - ասել է արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի փորձագետ Ալեքսանդր Ռարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG