Մատչելիության հղումներ

Հունիսի 19-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Պատկերացրեց, որ Հայաստանի երրորդ նախագահը իր երդմնակալության օրը հանդես գալիս մոտավորապես այն առաջարկով, որով այս օրերին դիմել է Ազգային ժողովին, եւ հայտարարում է, որ իր այդ քայլով ցանկանում է վերջ դնել լարվածությանն ու թշնամանքին, եւ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքացիներին՝ լծվել ազգային խնդիրների լուծմանը: Հավանաբար, կարիք չկա բացատրելու, թե ինչպիսի քաղաքական դիվիդենտներ դա կբերեր Սերժ Սարգսյանին եւ որքանով կլիցքաթափեր իրավիճակը: Ինչու դա չարվեց՝ կան բազմաթիվ վարկածներ, որոնցից հիմնականը հետեւյալն է. իշխանությունը մտավախություն ուներ, որ համաներումը կընկալվի որպես թուլության նշան, ընդդիմությունը դրանից չափից դուրս կոգեւորվեր, եւ դա հասարակական նոր կրքեր կառաջացներ: Իսկ հիմա՝ Երեւանի ավագանու ընտրությունների «բարեհաջող» ավարտից հետո, «թույլ երեւալու» մտավախություն այլեւս չկա: Բայց եկեք մի նժարի վրա դնենք այդ «մտավախությունները», իսկ մյուսի՝ անմեղ մարդկանց մեկուկես տարի անազատության մեջ պահելը: Ոչ մի քաղաքական հաշվարկ չի կարող արդարացնել սուտ ցուցմունքների վրա մեղադրանքներ թխելը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երեկ ընդհանրապես Կոնգրեսը տվեց-անցան, հաշվարկելով, որ «մարտի 1»-ի գործերով 19 հոգի մնալու են կալանավայրերում։ Իսկ ի՞նչ է, պետությունը հրաժարվե՞լ է նրանց ներկայացրած մեղադրանքից, կարճե՞լ է այդ քրեական գործերը։ Թե՞ իրենք իսկապես հավատում են, որ բոլորը հալած յուղի տեղ են ընդունում իրենց դատարանական չքմեղացումները, թե իրենք տեղի ունեցածի մեջ բացարձակապես մեղավոր չեն։ Իսկ եթե մեղավոր են, պետք է պատասխան տան։ Դա դատարանի որոշելիք խնդիրն է։ Երկրորդ, այդ իրե՞նք չէին, որ հայտարարում էին եւ հայտարարում են, որ համաներման ու ներման կարիք չունեն. կնստեն՝ ինչքան պետք լինի Տեր-Պետրոսյանին»։

«Իրավունք»-ի լրագրողը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին հարցնում է. - «Ներկա պահին ի՞նչ հարաբերություններ ունեք Հայ ազգային կոնգրեսի հետ, եւ ձեզանից ո՞վ է գլխավոր ընդդիմությունը»: Ալավերդյանը պատասխանում է. - «Չի կարող լինել գլխավոր ընդդիմություն. Ընդդիմությունը ունի բազմազանություն: Ինչ վերաբերում է Կոնգրեսի հետ հարաբերություններին, ապա դրանք զուտ աշխատանքային են: Խոսքս պատրաստակամության եւ միասնական մոտեցումների մասին է»: Հարցին, թե որն է գերնպատակը, որ «Ժառանգություն» կուսակցությանը խիստ մտահոգում է ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միասնությունը, Լարիսա Ալավերդյանը արձագանքում է. - «Մեր խնդիրը մեկն է. ես համոզված եմ, որ պահանջ կա միասնական ընդդիմադիր գործողությունների գնալ: Ես համոզված եմ, որ այստեղ կա նաեւ հասարակական պահանջարկ եւ միայն այդ պահանջի համապատասխան ենք մենք գնալու միասնական գործողությունների: Մեր խնդիրը մնացել է նույնը՝ իրավական պետության կայացումը Հայաստանում»:

Նույն հարցով «Ժամանակ»-ը զրուցել է «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք ինչպե՞ս եք գնահատում առաջարկված պլատֆորմը»: Պատասխան. - «Իհարկե, դրանք բոլորն էլ անհրաժեշտ, հասկանալի ու ճիշտ առաջարկություններ են, կարելի է եւս 12-ը ավելացնել: Ինձ համար միանշանակ է` Հայաստանի այսօրվա աղետալի իրականությունը փոխելու համար ընդդիմության սերտ համագործակցությունը անհրաժեշտություն է: Պարտադիր է, որ հատկապես ընդդիմադիր դաշտի երեք հիմնական ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը գտնեն սերտ համագործակցության եզրեր: Իսկ Համագործակցություն կլինի, չի կարող չլինել: Այն ժամանակի հրամայական է: Փաստ է, որ որեւէ ընդդիմադիր ուժ չի կարող միայնակ հակազդել այս իշխանություններին: Ի վերջո, ընդդիմությունը նախեւառաջ պարտվեց հենց ինքն իրեն, ինչը պարարտ հող ստեղծեց իշխանությունների ամենաթողության համար»:

«Կապիտալ»-ի խնդրանքով Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը մեկնաբանել է Հայաստանի կառավարության այն օրենսդրական նախաձեռնությունը, որը մասնավոր ընկերություններում ենթադրում է հարկային ներկայացուցիչների նշանակում: «Արտասովոր միջոցառում, որը չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին և ոչ էլ բխում է Հայաստանում հարկային վարչարարության բարենորոգումների ավելի լայն ռազմավարությունից», - մեկնաբանել է Օմեսը: Թերթը նշում է, որ ամաշխարհային բանկը նույնպես բացասական դիրքորոշում է արտահայտել ՀՀ կառավարության վերոնշյալ նախաձեռնության առթիվ:
ՀԲ հայաստանյան ներկայացուցիչ Արիստոմենե Վարուդակիսը «Կապիտալ»-ին հայտնել էր, որ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն եղել այն երկրներում, որոնք գնացել են այդ քայլին: «Հարկային ներկայացուցիչներ տեղակայելով խոշոր ձեռնարկություններում՝ ստեղծվել են պարզապես կոռուպցիայի ավելի մեծ հնարավորություններ: Այդ հանգամանքները պետք է լրջորեն հաշվի առնվեն նաև Հայաստանում», - հայտարարել էր Վարուդակիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG