Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Հայաստանում


Հինգշաբթի կեսօրին մոտ Հայաստանում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Երեւանից ոչ հեռու` Գառնի գյուղից 10 կիլոմետր դեպի հյուսիս: Տուժածներ եւ ավերածություններ չկան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, էպիկենտրոնային գոտում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալլ` MSK-64 սանդղակով, 3-4 բալլ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Երեւանում եւ շրջական բնակավայրերում:

Սեյսմիկ ծառայությունում դժվարացան պատասխանել երկրաշարժի կրկնվելու հնարավորությանը վերաբերող հարցին, միաժամանակ ընդգծելով, որ կրկնվելու դեպքում երկրաշարժը կլինի առաջինից ավելի թույլ. - «Այսինքն, դեպի մարող է գնալու»:

Ավելի ուշ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտարարություն տարածեց, որում ասված է. - «Հունիսի 18-ին, տեղական ժամանակով 12:34-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Գառնի գյուղից 10 կիլոմետր դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալլ: Երկրաշարժը զգացվել է Երեւանում եւ մոտակա բնակավայրերում 3-4 բալլ ուժգնությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո հանրապետության տարբեր բնակավայրերում լուրեր են տարածվում, որ սպասվում է ուժեղ երկրաշարժ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ դպրոցականներին տարահանել են դասարաններից, խաթարելով ուսումնական գործընթացը: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնում է, որ նմանատիպ լուրերը անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում: Ընթացիկ սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից եւ գտնվում է ֆոնային տիրույթում, եւ ոչ մի հիմք չկա խուճապի համար»:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG