Մատչելիության հղումներ

64,5 միլիոն եվրո վարկ` Հայաստանի էլեկտրական ցանցերին


«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, «Զարգացման եւ արտաքին տնտեսական գործունեության բանկ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները այսօր Երեւանում ստորագրել են Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման եւ վերազինման նախագծերի ֆինանսավորմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հայաստանի էլեկտրական ցանցերին տրամադրվող վարկային նոր ռեսուրսը, որը կազմում է 64,5 միլիոն եվրո, ուղղվելու է ընկերության տեխնիկական վերազինմանն ու ենթակայանների արդիականացմանը, էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կորուստների կրճատմանը, ԱՊՀ-ի երկրների էներգահամակարգերի ինտեգրման աճի ապահովմանը:

Այս վարկային գործարքը իրականացվում է առանց պետական երաշխիքի:

«Մենք կարեւորում ենք այս վարկային պայմանագիրը երկու հանգամանքից ելնելով. առաջինը` մեր բանկային համակարգի պատմության մեջ սա խոշորագույն վարկային գործարքներից մեկն է` շուրջ 64 միլիոն եվրո ծավալով, ամբողջությամբ այս գումարը օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրացանցերի վերականգնման աշխատանքների համար, եւ երկու տարվա ընթացքում այդ գումարները կիրացվեն: Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ այս ներդրումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում մեր տնտեսական կյանքի համար ամենաբարդ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների փուլում, եւ այս խոշոր վարկային ներդրումը դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա», - ասել է, մասնավորապես, վարչապետը

«Կարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ սակագների վրա ազդեցություն չի լինելու եւ ըստ էության, վարկային տոկոսադրույքների մարումը իրականացվելու է ընկերության շահույթի հաշվին», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG