Մատչելիության հղումներ

Հունիսի 16-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի` զանգվածային միջոցառումները 3 ամսով դադարեցնելու մասին հայտարարությունը միանշանակ չի ընկալվել ընդդիմության կողմից. խուլ, իսկ երբեմն նաեւ բացահայտ բողոքի ձայները լսվում են ընդդիմադիր տարբեր շրջանակներից: Անձամբ ինձ թվում է, որ հանրահավաքների եւ երթերի դադարեցումը ՀՀ առաջին նախագահի միանձնյա որոշումն է, իսկ բոլոր տեսակի առարկություններին նա հնարավորություն ունի պատասխանելու. - «Ա՞յլ մարտավարություն եք ուզում` գնացեք, իրականացրեք առանց ինձ»: Եվ քանի որ պարզ է, որ առանց Տեր-Պետրոսյանի Կոնգրեսը 5 րոպեում կփլուզվի ու կբաժանվի 15-20 մասի, «ամառային արձակուրդներից» դժգոհների մեծ մասը գերադասում է տրտնջալ նեղ կուսակցական կամ (որը գրեթե նույնն է) ընկերական շրջանակներում: Ինչպես բոլոր քաղաքական որոշումները, այս մեկն էլ ունի իր «պլյուսներն» ու «մինուսները»: Վերջիններիս թվում կարող է լինել ընդդիմության «շարժիչ ուժի» որոշակի հիասթափությունը: Բայց Կոնգրեսի համար գուցեեւ ավելի վարկաբեկիչ կլինեին ինքնանպատակ եւ անբովանդակ հանրահավաքները, նստացույցերն ու երթերը: Ենթադրենք, ամառվա շոգին ժողովուրդը ամիսը երկու անգամ հավաքվում է Մատենադարանի մոտ: Որքանո՞վ է դա նպաստելու ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը: Այնպես որ` «պաուզա վերցնելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը ընդդիմության մարտավարության տեսակետից, հավանաբար, ճիշտ էր: Ուրիշ հարց, թե ինչ է այդ «պաուզային» հետեւելու»:

Նույն թերթի թղթակիցը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ: Լրագրողը հարցնում է. - «Կոնգրեսը հայտարարում է, թե մեկուկես տարվա պայքարի արդյունքում ՀԱԿ-ը հզորացել եւ ամրապնդվել է: Բայց արդյո՞ք հասարակությանը մեծ իմաստով հետաքրքիր է՝ շարժումը ամրապնդվել է, թե՞ ոչ՝ եթե դրա արդյունքում այդ շարժմանը երկրում որեւէ բան փոխել չի հաջողվում»: Սուրենյանցը պատասխանում է. - «Նախ, բացարձակապես համաձայն չեմ, թե շարժումն ամրապնդվել է, եւ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ, եթե դու որդեգրել են սահմանադրական պայքարի ճանապարհը՝ որպես այդպիսի միջոց համարելով նաեւ ընտրությունները, ապա ընտրություններն են ցույց տալիս՝ ընդդիմությունն ուժեղացե՞լ է, թե ոչ: Իսկ այսօր քաղաքային իշխանությունը ձեւավորել են բացարձակապես այլ մարդիկ՝ իշխանություն ներկայացուցիչները, եւ այդ համատեքստում չեմ կարծում, թե շարժումն ուժեղացել է: Այլ խնդիր է, որ շարժումն առաջին անգամ ներկայացվել է շատ բարձր ներկայացուցչական մարմնում, որը ես պարտություն չեմ համարում»:

«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցը Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Գագիկ Մելիքյանն է: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չի անդրադառնում համաներում հայտարարելու անհրաժեշտությանն ու պայմանների հարցին, այլ պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու հարկային տեռորի զոհերին»։ Մելիքյանը արձագանքում է. - «Նրանք, ում Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական բանտարկյալ է անվանում, հենց իր պատճառով են հայտնվել ազատազրկման մեջ։ Մի փոքր մտածելու դեպքում յուրաքանչյուրը կհասկանա, որ արմատականների առաջնորդը ամեն ինչ անելու է, որ համաներում տեղի չունենա։ Քանի որ դա իր ուժերից վեր է, այս կերպ նա ջանում է համաներմանը գոնե քաղաքական ենթատեքստ հաղորդել, իսկ վաղն էլ հայտարարելու է ու կոչ է անելու, որ համաներում ստացածները չընդունեն նախագահի եւ Ազգային ժողովի մարդասիրական կամարտահայտությունը։ Քաղաքական հաշվարկը պարզ է։ Քանի դեռ իր կազմակերպած ու հրահրած անկարգություններին մասնակցելու համար ազատազրկվածներ կան, նա կարող է շարունակել քաղաքական շահարկումները եւ քաղաքական դաշտում մնալու նոր ձեւեր հնարել»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հայաստանում կա՞ գոնե մի մարդ, ով անկեղծորեն հավատում է, որ քաղբանտարկյալները իսկապես փորձել են մետաղյա ձողերով բռնազավթել իշխանությունը, քննչական մարմիններն էլ արդար նախաքննություն են իրականացրել եւ բացահայտել նրանց հանցագործությունը: Հայաստանում կա՞ գոնե մի մարդ, ով հավատում է, որ մեր դատարանները անկախ են եւ առաջնորդվում են բացառապես օրենքներով: Ակնհայտ է, որ Հայաստանում այդպիսի մարդիկ չկան: Մինչդեռ Սերժ Սարգսյանը, իր գրպանային խորհրդարանով, ու համանման այլ բուտաֆորային կառույցներով պնդում է, որ քաղբանտարկյալները քրեական հանցագործներ են, պարզապես նրանց մի մասը թեթեւ հանցանք է գործել եւ պետք է ազատ արձակվի, իսկ մյուսների հանցանքը ծանր է, եւ նրանք համաներման ենթակա չեն: Այսինքն, ըստ էության՝ «համաներում» կոչվող այս օպերացիան շինծու քրեական գործերի ու խայտառակ դատավարությունների շարունակությունն է, որովհետեւ նույն նպատակն է հետապնդում՝ ապացուցել, որ այս մարդի հանցանք են գործել»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ հայտնի դարձավ երկրների շարքը, որոնց նախագահները շնորհավորել են Մահմուդ Ահմադինեջադին՝ Իրանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Այդ երկրներն են՝ Աֆղանստանը, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան եւ Իրաքը: Բարեբախտաբար, Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձի մասին աշխարհն առայժմ անտեղյակ է: Ահմադինեջադն ինչո՞վ է Սերժ Սարգսյանին հիացրել: Նրանով, որ 24 ժամում երեք անգամ ժամանոց ճառեր կարդաց եւ հասարակական երկխոսություն սկզբնավորելու համար բառ չգտա՞վ: Թե՞ Սարգսյանին թվում է, դիվանագիտական դաշտում իր սիրելի շախմատային լեզվով ասած. «ձիու քայլ» է կատարել: Իսկապես: Ո՞ր մարդկային արժանապատվություն, արժեքներ ու սկզբունքներ ունեցող անձը նման բարոյազրկության կհասներ, որ սեփական ժողովրդին քաղաքական բախման հորձանուտ ներքաշող գործչին շտապեր շնորհավորել: Այդպես կարող էր վարվել Հյուսիսային Կորեայի առաջնորդը, բայց ամոթ է, երիցս ամոթ, որ նրանից չտարբերվի Հայաստանի նախագահը»:

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը ափսոսանք է հայտնել գյուղական ճանապարհների ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու առթիվ եւ այդ որոշումը բացատրել նրանով, որ Հայաստանի կառավարության քայլերը չեն համապատասխանում կորպորացիայի դեմոկրատական կառավարման ստանդարտներին: «Ով վճարում է, նա էլ հաստատում է դեմոկրատական կառավարման ստանդարտները», - գրում է թերթը: - «Այլ հարց է, որ իսկապես շատ դժվար է պատկերացնել հեռավոր գյուղերի ճանապարհազրկությունը ինչպես կարող է օժանդակել Հայաստանում դեմոկրատական կառավարման ստանդարտների բարելավմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG