Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ


ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելությունը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ողջունելով նախընտրական քարոզարշավում տիրող մթնոլորտի որոշ բարելավումները, հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնել բուն ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ կարծիք հայտնելով, որ շատ ընտրողներ «չեն կարողացել ազատ կերպով իրացնել իրենց ժողովրդավարական իրավունքները»:

«Գովելի է Հայաստանի իշխանությունների կողմից ԶԼՄ միջավայրի բարելավումը, որ հնարավորություն տվեց բոլոր կուսակցություններին ու թեկնածուներին էլեկտրոնային միջոցներով ներկայանալու իրենց ընտրողներին: Չնայած որոշ ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ լուսաբանումներին ավելի քիչ ժամանակ է հատկացվել, քան իշխանական կոալիցիայի կուսակցություններին, սակայն, ի տարբերություն 2008թ. նախագահական ընտրությունների, բովանդակային առումով ընդդիմության լուսաբանումը ընդհանուր առմամբ չեզոք էր», - նշվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելությունը փաստում է, որ ընտրարշավի ընթացքում եղել են բռնության որոշ միջադեպեր ընդդիմության կողմնակիցների հանդեպ, ինչպես նաեւ իշխանական կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, եւ իշխանություններին կոչ անեւմ հետաքննել եւ քրեական հետապնդում իրականացնել այդ գործերով: Միաժամանակ, հայտարարության հեղինակները ողջունում ենք այն փաստը, որ կուսակցությունները «գործնականում ազատ էին» հրապարակային հանդիպումներ ու հանրահավաքներ անցկացնելու ու իրենց ուղերձները ընտրողներին հարցնելու հարցում:

Այդուհանդերձ, ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելությունը նշում է, որ քվեարկության գործընթացը «բոլորովին այլ պատկեր է ներկայացնում»:

«Երեւանում մեր դեսպանության դիտորդների հաղորդումների եւ տեղական ու միջազգային այլ դիտորդների հետ ունեցած քննարկումների հիման վրա մենք կարող ենք սոսկ եզրակացնել, որ ընտրությունների օրը քվեարկության գործընթացն անցել է լայնատարած խախտումներով ու ահաբեկմամբ: Մենք տեսել ենք քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի կեղծման, կուսակցությունների վստահված անձանց եւ դիտորդների ահաբեկման եւ տեղամասերում անհայտ ու չարտոնված անձանց ներկա գտնվելու դեպքեր», - ասվում է հայտարարության մեջ:

«Ի վերջո, չնայած խախտումներով ընթացած ընտրություններին, հարկ է նշել, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկը Երեւանի ավագանում զգալի թվով տեղեր է ստացել: Մենք հասկանում ենք այն հուսախաբությունը, որ ընդդիմության կողմնակիցներն ապրում են քվեարկության անցկացման հետ կապված, սակայն կոչ ենք անում ընդդիմության առաջնորդներին ընդունել ավագանու իրենց մանդատները եւ Երեւանի կառավարման հարցերում լիակատար ու ակտիվ մասնակցությամբ ներկայացնել իրենց ընտրողներին: Միայն ժողովրդավարական գործընթացին կառուցողական մասնակցություն եւ շարունակաբար բարելավելու նպատակ ունենալով է հնարավոր ի վերջո կյանքի ՀՀ քաղաքացիների ժողովրդավարական ձգտումները», - եզրակացնում են ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG