Մատչելիության հղումներ

Հանրային խորհրդի որոշումը համաներում հայտարարելու վերաբերյալ


Հանրային խորհուրդը հրապարակել է համաներում հայտարարելու վերաբերյալ որոշումը, որով նախատեսվում է դիմել Հայաստանի նախագահին` առաջարկ ներկայացնել Ազգային ժողովին համաներում հայտարարելու մասին:

Հանրային խորհրդի հաղորդագրության համաձայն, որոշվել է նաեւ ամփոփել եւ նախագահին ներկայացնել Հանրային խորհրդի հանձնաժողովների առաջարկած համաներման ենթակա խմբերի ընտրության սկզբունքները:

Հիմք ընդունելով իր կողմից կազմակերպված քննարկումները, Հանրային խորհուրդը փաստել է. - «Համաներումը' որպես լայնամասշտաբ միջոցառում, դրականորեն են ընկալում հանրության լայն շերտերը: Քննարկումների ժամանակ, անշուշտ, արվել են նաեւ հարցադրումներ համաներման արդյունքում հանցավորության ակտիվացման վտանգի վերաբերյալ եւ առաջարկվել է համաներման ծավալները եւ սկզբունքները որոշելիս հաշվի առնել վերը նշված մտահոգությունը»:

Որոշման մեջ նաեւ անդրադարձ կա 2008 թվականի հետընտրական զարգացումների արդյունքում ձերբակալված ընդդիմադիրներին:

«Ելնելով հանրապետությունում առկա լարվածության թուլացման անհրաժեշտությունից, Հանրային Խորհրդի հանձնաժողովներում մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաեւ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների կապակցությամբ եւ նշվեց, որ դրանց մասնակիցների նկատմամբ համաներման` որպես իրավական միջոցի կիրառումը, ելնելով արարքի ծանրության աստիճանից, կարող է նպաստել անհանդուրժողականության մթնոլորտի մեղմացմանը եւ հանրային կյանքում փոխադարձ վստահության ամրապնդմանը», - նշված է Հանրային խորհրդի որոշման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG